Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սուս կա՛ց, կապի՛ր թևքս,— ասաց ամուսինը։

— Էլի կռվել ես դու:

— Դու չե՞ս լռի։

Սալոմեն դողում էր ամբողջ մարմնով, տեսնելով, որ ամուսնի հագուստը բոլորը թաթախված է արյունով։

— Էդ ո՞րտեղ էլավ,— հարցրուց նա անհամբերությամբ։

— Ամեն բա՞ն պետք է գիտենաս։

— Ախա՛ր ինչու չես ասում։

— Գլուխս մի՛ տար, կապի՛ր թևքս։ Սալոմեն փաթաթեց վերքը և ավազակապետը, հագուստը փոխելով, հանգիստ և զվարթ դեմքով գնաց հյուրերի մոտ: Նրան անծանոթ չէին ո՛չ Քերիմ-բեկը և ո՛չ Զեյնաբ-խանումը: Երկուսի պատմությունը ևս նրան հայտնի էր: Նա յուր հյուրերի հետ բարևելու սովորական ծեսը կատարելուց հետո՝ նստեց Քերիմ-բեկի մոտ: Սալոմեն մատուց նրան ծխել ղեյլան, տեսնելով ամուսինը վրդոված է:

Ղաֆար-բեկն, այն քաջ տղամարդերից մինն էր, որոնք նշանավոր են յուրյանց հանդուգն, աներկյուղ և վեհ բնավորությամբ: Նա ծառայում էր Սեր-Ասքերի մոտ որպես նրա թիկնապահ զինվոր։ Զանազան արշավանքներում նա ցույց տվեց յուր արիությունը, որով ոչ միայն գրավեց զորապետի շնորհը, այլև Քերիմ-բեկի բարեկամությունը։ Թեհրանում մի անգամ նա առևանգեց մի իշխանի կին, որի հետ ուներ գաղտնի հարաբերություններ։ Իշխանուհին քույր լինելով նշանավոր պաշտոնակալի, Ղաֆար-բեկը դատապարտվեցավ գլխատման։ Այն ժամանակ Քերիմ-բեկը Սեր-Ասքերի միջնորդությամբ գործ դրեց ո՛չ միայն յուր ջանքը, այլև յուր արծաթը նրան ազատելու։ Ավազակապետն այն օրից յուր կյանքը պարտական է համարում Քերիմ-բեկին, որպես յուր փրկչին։

— Ի՞նչպես նասիբը[1] հասնում է յուր նշանակությանը,— խոսեց ավազակապետը, ակնարկելով երկու վաղուցվա սիրողներին՝ Ալմաստի և Մեխակի վրա։

— ճակատագիրը ջնջել ոչ ոք կարող չէ,— պատասխանեց Քերիմ-բեկը։

— Քերիմ-բեկը և Զեյնաբ-խանումը, ուզում են Թիֆլիս գնալ,— մեջ մտավ Սալոմեն ծիծաղելով,— ինձ էլ պիտի յուրյանց հետ տանեն: Դու էլ կգաս, այդպես չէ՞, Ղաֆար:

  1. Նասիբը նախասահմանյալ հասույթ, որ նախախնամությունը տնօրինում է մարդու համար: