Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Անպատճառ,— պատասխանեց նա ծանր կերպով։

— Դու հանա՞ք ես անում,— հարցրուց Քերիմ-բեկը։

— Հանաք չէ՛։ Ես պետք է Թեհրանից հեռանամ...

Սալոմեն բոլորովին շփոթվեցավ ուրախությունից։

— Ի՞նչ կա,— հարցրուց Քերիմ-բեկը, նկատելով ավազակապետի անհանգիստ դեմքը։

— Լոթիների (սրիկաների) ծախսի փողը հատել էր, էս գիշեր Մաշադի-Սամադ սեղանավորի սնդուկներին մի փառավոր այցելություն արեցինք...

— Ի՞նչ պատահեցավ,— անհամբերությամբ հարցրուց Սալոմեն։

— Ոչինչ։ Մենք վեր առանք սեղանավորի թթված ոսկիներից որքան մեզ պետք էր։ Միայն ընկերոջիցս մինը բռնվեցավ։

— Բռնվեցա՜վ...— զարհուրելով կոչեց Սալոմեն։— Նա քեզ կմատնե։

— Նա չի մատնի, եթե կտոր-կտոր ևս անեն։ Բայց ինձ ճանաչեցին։

— Վա՜յ իմ գլխին...— հառաչեց Սալոմեն և քիչ էր մնում, որ ուշքից գնա։

— Հանգստացի՛ր, կին,— ձայն տվեց ավազակապետը՝ բոլորովին սառնությամբ։— Բայց իմ հիմար ընկերները վատ վարվեցան,— դարձավ նա դեպի Քերիմ-բեկը,— ծառաներից ոչ մինը կենդանի չմնաց և սեղանավորին առավոտյան գուցե կթաղեն։

— Այդ վատ է...— պատասխանեց Քերիմ-բեկը,— Մաշադի-Սամադը Բարձրագույն դռան սեղանավորն է, էգուց շահը, Թեհրանի բոլոր ծակումուտները խուզարկություն անել կտա։ Բայց ո՞վ ճանաչեց քեզ։

— Կինը քնարանից ծածուկ դուրս էր պրծել և դեպի փողոցը ձայն էր ձգել. գիշերապահ զինվորները վրա հասան, նրանք ճանաչեցին ինձ կռվի մեջ։

Ալմաստը բոլոր մարմնով դողում էր։ Սալոմեն դարձյալ չէր դադարում ախուվախ քաշելուց: Բայց ամուսինը մի կողմնակի հայացք ձգեց նրա վրա և կինը լռեց։

— Եթե սեղանավորը լիներ մի այլ մարդ, հեշտ էր բանն ուղղել,— հառաջ տարավ ավազակապետը,— նրա ոսկիներից մի մասը կնվիրեինք մեծ վեզիրին, նա գործը կծածկեր։ Բայց այժմ անհնարին է...