Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՞րտեղից գտնել հագուստ,— հարցրուց Ալմաստը։

— Այդ սենյակի տակում դուք կգտնեք մի ամբողջ հանդերձատուն,— պատասխանեց ավազակապետը։ —Սալոմե՛, տար տիկինը այնտեղ

Սալոմեն ճրագը վառեց, տարավ Զեյնաբ֊խանումին մի այլ սենյակ, այնտեղ բարձրացրեց հատակի վրա սփռած գորգը։ Երևան եղավ մի տախտակամած, Սալոմեն ձեռքը մեկնեց նշմարվող դռնակին։ Տախտակամածը բարձրացավ։ Նրանց առջև բաց եղավ մի փոս ստորերկրյա սանդուղքներով։ Սալոմեն նախ իջավ ցած և ճրագով լուսավորում էր մուտքը։ Քանի րոպեից հետո նրանք հայտնվեցին ստորերկրյա սենյակում։ Բորբոսահոտ խոնավությունն իսկույն զարկեց նրանց քթին։ Այնտեղ թափված էին ժանգոտած զանազան մետալեղեն տնային կարասիք։ Այնտեղ խառնիխուռն միմյանց վրա դիզված էին զանազան կանացի և այրացի թանկագին հագուստներ։ Այնտեղ կային զենքերի ամեն տեսակները։ Այնտեղ դրած էին թոփերով պես-պես աբրեշումեղեն, բրթեղեն և բամբակեղեն ապրանք։ Մի խոսքով ամեն բան կարելի էր գտնել այնտեղ։

— Այդ ի՞նչ է...— զարմանալով հարցրուց Ալմաստը։

— Ամուսնիս հարստությունը,— պատասխանեց Սալոմեն ծիծաղելով։

— Ո՞վ գիտե, բոլորը գողացել է։

— Չէ՛, փող է տվել...— հեգնորեն պատասխանեց Սալոմեն։

Երկու տիկինները փոխեցին յուրյանց հագուստը, զինվորվեցան ատրճանակներով և խենջարներով, և այնպես ծպտյալ կերպով դուրս եկան, ամեն մինը ձգած ունելով յուր բազուկի վրա մի վերարկու։

— Հիմա ձեզ չէ կարելի որոշել նորահաս սրիկաներից,— ասաց ավազակապետը, հետաքրքիր աչքերով չափելով երկու տիկինները, որոնք նույն հագուստով ավելի գեղեցիկ էին։

— Հիմա դրանց հետ կարելի է ամեն տեղ գնալ,— ավելացրեց Քերիմ-բեկը։

— Ուրեմն դեպի ճանապարհը,— պատասխանեցին տիկինները, որոնք կարծես մի նոր քաջազնական հոգի էին ստացել։ Սալոմեն մոտեցավ յուր երեխայի օրորոցին, առեց քնած երեխան, փաթաթեց շալով, ծածկվեցավ յուր վերարկվի մեջ և նրա տակով, սեղմեց երեխան յուր կուրծքին։

— Դուք ձեր տան իրեղենները բոլորը թողնում եք, — դարձավ Քերիմ֊բեկրը դեպի ավազակապետը։