Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ահա՛, բերել եմ նրան․․․— ասաց ավազակապետը և յուր շալակած բեռը դրեց օրիորդի քնաշորերի վրա։

— Ա՛ռ,— մեկնեց նա դեպի օրիորդը մի քսակ,— և խնամք տար այն տղամարդին, որին սիրում ես։

Օրիորդը, փոխանակ առնելու քսակը, տեսնելով վիրավոր երիտասարդի արյունաքամ եղած և դալկացած դեմքը, արձակեց մի ցավալի հառաչանք և գրկեց նրան։

Ավազակապետը դրեց նրա մոտ արծաթի քսակը և շտապելով դուրս գնաց, այդպիսի խոսքերով.

— Զահրա, խնամք տար Ռուստամին, դա քո սիրելին է, և իմ քաջ ընկերներից մինը։ Մնացեք բարյավ, գուցե այլևս չտեսնվենք։

Դուրս գայով գեղեցիկ օրիորդի սենյակից, ավազակապետը քառորդ ժամի մեջ հասավ մատուռին։

— Գնանք,— ասաց Քերիմ֊բեկին։

Գիշերային փախստականները կրկին ճանապարհ ընկան։ Կես մղոն անցել էին, երբ հասան մի հին ամրոցի ավերակներին։ Ավազակապետը շվացրուց, հեռվից պատասխանեցին միևնույն ձայնով։

— Այստեղ են...— ասաց նա և հառաջ գնաց։

Մի ստորերկրյա, գետնափոր խորանի ծակից, որ պատած էր բաղերով և մացառներով, աղոտափայլ լույսը նեղ ժապավեններով դուրս էր շողացել գիշերային խավարի մեջ։ Ավազակապետը մոտեցավ ծակին և խորհրդավոր նշանախոսությամբ ձայն արձակեց և իսկույն դուրս սողացին երեք գլուխներ։

— Ու՞ր է Հաշիմը,— հարցրուց ավազակապետը։

— Այնտեղ ձորի մեջ ձիաներն է արածացնում,— պատասխանեց մինը:

— Նա թո՛ղ մնա այնտեղ,— հառաջ տարավ ավազակապետը,— իսկ դուք, Ալի, Սամադ, Ասադ, այդ երկու հոգին,— ցույց տվեց նա Ալմաստի և Սալոմեի վրա — կպահեք ձեզ մոտ։ ճանաչում եք ովքեր են, մինն իմ կինն է, իսկ մյուսը նրա քույրը։

— Մեր աչքի լույսի պես կպահենք,— պատասխանեցին ավազակները։

— Ես կդառնամ մեկ ժամից հետո, իսկ եթե ուշացա, դուք, այդ երկու հոգին ձեզ հետ առնելով, կանցնեք N․․․ի ձորը, այնտեղ կսպասեք ինձ։

— Դու ո՞ւր ես գնում,— հարց արին նրանից։