Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույն րոպեին երկու պատկերներ նկատվեցան երիտասարդի ալքի առջև, մինը— դեռահաս և կրակոտ Մահին, մյուսը— վշտալի և անբախտ Ալմաստը, որ ավազակների խումբի մեջ սպասում էր նրան։ Որի՞ն տալ գերազանցությունը։ Քերիմ֊բեկը ընտրել էր վերջինը և հաստատ մնաց յուր ընտրության մեջ։ Բայց մի միտք միայն տանջում էր նրան, թե ի՞նչպես հեռացնել Մահիին, որ ինքը կարողանա դուրս գնալ։ Նա սկսեց կրել յուր զենքերը։

Օրիորդը, տեսնելով նրա անհանգիստ դեմքը, հարցրուց.

— Դու տխուր ես, Քերիմ, դու մի տեղ ուզում ես գնալ։

— Հա՛, Մահի ջան, այս րոպեիս վատ լուր հասավ ինձ, ավազակները հարձակվել են մեր մոտակա գյուղի վրա, շտապում եմ օգնության հասնել խեղճ գյուղացիներին։

Այս խոսքերը ցավալի կերպով ազդեցին օրիորդի սրտին։

— Ո՛վ, գիտե, կսպանեն նրանց...— ասաց նա դողալով։

— Կսպանեն և ամեն ինչ կկողոպտեն։

— Հորս չե՞ս հայտնում։

— Չեմ ուզում նրան անհանգստացնել։

— Հա, այդպես, մի նեղացրու հորս, առավոտյան նա ճանապարհ պիտի գնա։

Վերջին խոսքը շարժեց երիտասարդի հետաքրքրությունը։

— Ո՞ւր պիտի գնա,— հարցրուց նա։

— Չեմ իմանում, մայրս ասում էր պատերազմ կա, պիտի գնա յուր ղոշունի հետ։

Երիտասարդը հասկացավ Սեր-Ասքերի Թեհրանից հեռանալու պատճառը։ Նա պատրաստ էր։

— Դո՛ւ գնա, Մահի ջան, թող քեզ չտեսնեն, ես ուզում եմ կանչել ծառային,— ասաց նա, օրիորդի փոքրիկ ձեռները առնելով յուր ափի մեջ։

— Էգուց գիշեր էլ կգամ,— խոսեց օրիորդը ժպտելով։

— Եկ, ես այստեղ կլինեմ։

— Տե՛ս, չխաբե՜ս։

—Չեմ խաբի՛...

Օրիորդը կրկին ընկավ երիտասարդի գիրկ։ Քերիմ-բեկը քաղեց նրա թշերից յուր վերջին համբույրները...

Մահին հեռացավ։— Տե'ս, կգամ ես հենց էս ժամուն,— ասաց նա դռնից կրկին անգամ նայելով երիտասարդի վրա։

«Խե՜ղջ աղջիկ...»— խոսեց յուր մտքում երիտասարդը և նրա դեմքը պատեցին տխրության ամպերը...