Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիշերապահները մոտեցան։

— Գիշերվա անո՞ւնը,— հարցրուց նրանցից մինը։

— Անցե՛ք,— ձայն տվեց ավազակապետը։

— Դարուղան հրամայել է բռնել, ով կհանդիպե։ Երեք ժամ առաջ կողոպտեցին Բարձրագույն դռան սեղանավորի տունը։

— Մենք ավազակներ չենք։

— Ուղիղ մարդը հիմա չի ման գա, այն ևս առանց լապտերի։

— Կնի՛կ էլ ունեն յուրյանց հետ, ձայն տվեց մի այլը։

— Մեկ խոսքով, ի՞նչ է ձեր միտքը,— հարցրուց ավազակապետը հառաջ գնալով։

— Դուք ընկերիդ հետ և այգ խանումի հետ,— ցույց տվեց պահապանների առաջնորդը Մարջանի վրա,— շնորհ կբերեք մոտավոր ղարավուլխանան, այնտեղ մեզ հյուր կլինեք, մինչև առավոտը դարուղան կտեսնե ձեզ։

Այդ առաջարկությունը մահու խնդիր էր, թե ավազակապետի և թե նրա ուղեկիցների համար։ Այդ պատճառով նրանք վճռեցին մինչև Վերջին շունչն ընդդիմանալ։

— Պարոն, քո արյունը կարծես ծանրություն է անում,— պատասխանեց ավազակապետը սառնությամբ։

— Այդ ուղիղ է, այս տարի երակս չեմ կտրել։

Ավազակապետը վերարկուն առավ յուր վրայիցը, փաթաթեց ձախ թևքը, յուր համար վահանակ շինեց, և ահագին սուրը մերկացնելով, հրավեր կարդաց՝

— Հրամայեցեք։

Գիշերապահները գազանի նման հարձակվեցան։ Նրանք թվով ութը հոգի էին։ Կռիվը տաքացավ։ Սայիդը Վայր իջավ ձիուց, սանձը հանձնեց Մարջանին և պատվիրեց որ հեռու կենա կռվողներից։ Նույն միջոցին ավազակապետը, յուր սուրը դուրս քաշելով գիշերապահների մեծավորի կուրծքից, ասաց.

— Ամենահմուտ դալլաքը այդպես արյուն չէր կարող առնել քեզանից։

Նա ձաչն չհանեց և թավալվեցավ դետին։ Երկու հոգի հարձակվեցան Քերիմ-բեկի վրա, նա յուր դաշույնով ծակեց մինի կողքը և ճեղքեց մյուսի գլուխը։ Առաջինն ընկավ, բայց վերջինը քիչ էր մնում հարվածեր երիտասարդին, երբ Սայիդի ատրճանակը ծըխաց նրա կուրծքի մեջ։

Քերիմ-բեկը տեսավ, ավազակապետը շրջապատված էր մի քանի հոգիով և կատաղի կերպով պաշտպանում էր յուրյանց։ Նա