Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆ


Ա

Անցել էր երկու ամիս։

Մթին գիշեր էր։ Կայծակը փայլատակում էր։ Որոտը սարսափելի կերպով թնդեցնում էր սարերը և երկինքը անձրևում էր հեղեղի պես։

Արարատի լեռներում, մի ձորի մեջ, մի ահագին այր (մաղարա) վաղեմի ավանդությամբ նշանավոր էր որպես մենարան, ուր աշխարհի շշուկից հեռացած մի աբեղա հանձնել էր իրան աստծուն։ Իսկ երբ ճգնավորների դարը անցավի այդ քարանձավը շատ անգամ ծառայում էր հովիվներին որպես պատսպարան նրանց ոչխարներին սաստիկ մրրիկից։ Բայց այն գիշերը նա յուր կամարների տակ ընդունել էր բոլորովին այլ տեսակ հյուրեր։ Նրա մեջ մի քանի հատ փայտեր, միմյանց վրա դրված, վառվում էին։ Խարույկի աղոտափայլ լուսով կարելի էր որոշել մի քանի երիտասարդներ, որոնք բոլորել էին կրակի շուրջը։ Արևից այրված, ցրտից սևացած դեմքերը ցույց էին տալիս, որ այդ մարդիկը, երկար ժամանակ բացօթյա մնալով, ենթարկվել էին եղանակների խստություններին։ Նրանց երեսների վրա նկարված էին համարձակ և հանդուգն որսորդների անձնավստահությունը, կամ որևիցե հանցանքի համար հասարակական կյանքից զրկված թափառական սրիկաների վայրենությունը։

Դրանք ավազակներ էին թվով մինչև քսան հոգի։