Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ հիմնական պրոբլեմն այն է, թե Հայաստանը կապրի իբրև անկախ պետություն, թե՞ կկորցնի այդ անկախությունը։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանր բռնում են Պարսկաստանի կողմը։ Նախարարների մյուս մասը հենվում է Բյուզանդիայի վրա։ Պարսկաստանի նվաճողական բիրտ քաղաքականության նպատակն է կլանել Հայաստանը և ոչնչացնել նրա ժողովրդի կուլտուրական ինքնությունը։ Այս ագրեսիան առաջ է բերում ազգային ինքնապաշտպանության գաղափարն ու շարժումը։ Շապուհի համար Հայաստանն ավելին չէր, քան «մի կոշտ ոսկոր, որ մնացել էր նրա կոկորդումը. նա աշխատում էր ծամել, փշրել և կլանել այդ ոսկորը», իսկ Հայաստանը, հայ ժողովուրդը ոտքի են կանգնում իրենց անկախությունը և կուլտուրական ինքնուրույնությունը պահպանելու համար։

Սամվելը, Մուշեղ Մամիկոնյանը, Փառանձեմը, Մեսրոպը, Սահակը—հայրենասերներ են, խմորում, զարգացնում են հայրենասիրական շարժումը։ Րաֆֆին նկատել է տալիս, որ Հայաստանի ներսում թշվառություն և աղքատություն ևս կա, և որ հայ գյուղացիությունը կարևոր դեր ունի հայրենիքի անկախությունը վերականգնելու գործում։

Րաֆֆու գեղարվեստական տաղանդը ծնում է հոյակապ կերպարներ։ Որմիզդուխտը— Շապուհի քույրը—այդպիսի կերպարներից մեկն է։ Պարսկուհու համակրանքը դեպի Սամվելը, նրա հարգանքը հայ ժողովրդի հանդեպ, երիտասարդուհու վատ երազները, նրա մարդկային հարուստ և խոր զգացումները — կերպարը դարձնում են կենդանի և հյութեղ։

Վիպասանի հրաշակերտներից է Անհուշ բերդի շինարար, լեգենդար Ֆարհատը — դարձյալ պարսիկ։

Համակրանքի խոր զգացմունքով է տրված հրեան — Մերուժանին բողոքող հայերի հետ բարբարոսության զոհ գնացած մարդու բնավորությունը։

Հայրենասիրությունը և հումանիզմը անբաժան են միմյանցից։ Հայրենասեր Սամվելը նաև հումանիստ է, անողոք դեպի դավաճան հայրն ու մայրը և ջերմորեն սիրող էակ։ Բռնակալությունը մինչև հոգու խորքն ատող Սամվելը, մինչև հոգու խորքը սիրում է հայրենիքը, սիրում է մարդուն։

Եթե Շապուհը — նվաճողի, բռնակալի հասարակ դարձած անունն է, Մերուժանը դավաճանի կոչական անունն է, փարքի չարչի, որը վաճառում է հայրենիքը, սրի քաշում հայ ժողովրդին, հրդեհում քաղաքներ, մոխիր դարձնում երկրի կուլտուրական — հոգևոր արժեքները։

Րաֆֆին երբեք օպտիմիստ չի եղել։ Նա միշտ էլ խոր հավատ է ունեցել հայ ժողովրդի ստեղծագործ ուժերի նկատմամբ և որքան ծանր է եղել նրա վիճակը, այնքան Րաֆֆին օպտիմիզմ է քարոզել, ոտքի հանել հայրենիքի և ժողովրդի կենսունակ ուժերը։

«Սամվելը» նման օպտիմիզմի վառ դրսևորումն է։

Րաֆֆին «Սամվելը» գրելիս ձգտում է տալ «հայ ժողովրդի պատմական կյանքի նկարագիրը»։ Նա արդեն գանգատվել էր, որ հայ պատմիչների մոտ ժողովուրդ չկա։ «Մենք չգիտենք, ի՞նչպես էր ապրում շինականը, ինչ տեսակ հարաբերությունների մեջ էր յուր տերերի հետ, կամ ի՞նչ էր ուտում և ինչ էր հագնում...»։ Այդպես, Րաֆֆին, խոշոր հետաքրքրություն ցույց տալով ժողովրդական զանգվածների անցյալ կյանքի նկատմամբ, միաժամանակ վերապատկերում է ժողովրդին թշնամի տիրող խավերի կենցաղը, հոգեբանությունը և բնավորությունը։