Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանցից մի քանիսը իրանց անձրևից թրջված զենքերն էին ցամաքեցնում, մյուսները չիբուխ էին ծխում, ոմանք յափունջները գլխներին քաշած քնել էին սառը գետնի վրա, իսկ շատերը կտրատելով մի կողմ ընկած ահագին վարազի փափուկ մսերից, շարում էին հրացանների սումբրաների վրա, խորովում և ուտում էին։

Քարանձավի մուտքի առջև կանգնած էին նրանց թամքած ձիաները և կրծոտում էին իրանց սանձերը։ Ահագին ապառաժը, որ թեքված էր այրի վրա՝ պահպանում էր ձիաները անձրևից։

— Դե՛, սատկի՛ր, դե սատկի՛ր...— ձայն տվեց պառկածներից մինը քնի միջից։

— Նա երազումն է,— խոսեց նստողներից մինը։

— Կարծում է թուրքը դեռ կենդանի է, որի գլուխը էսօր թռցրեց յուր սրով,— ավելացրեց մյուսը։

— Ամա՛ խփե՛ց նա ...— ասաց մի այլը, և ձեռքը մեկնեց յուր մոտի նստողին, խլեց շամփուրից խոզենու խորովածը, և տաք-տաք կոխեց յուր բերանը։

— Տո, քա՞նի ուտես, խոմ գել չե՞ս,— ասաց մյուսը, հետ քաշելով յուր շամփուրը։

— Էդ ամենը խոմ քեզ չեն տալ,— պատասխանեց մյուսը ծիծաղելով։ Սույն միջոցին այրի խորքից լսելի եղավ խորին հառաչանք:

Կրակի աղոտափայլ լուսով, որ հազիվ էր հասնում այնտեղ՝ նշմարվում էր վայրենի կերպարանքով մի մարգ, որ կապված էր ձեռքերից և ոտքերից։

Լսելով հառաչանքը՝ ավազակներից մինը դարձավ դեպի այդ մարդը.— Մաշադի,— ասաց նա թուրքերեն լեզվով,— խոզի խորոված կուտե՞ս։

Մաշադին ոչինչ չպատասխանեց, միայն լի բարկությամբ խորին կերպով հոգոց հանեց։

— Նա չի ուտի,— ասաց մյուսը հեգնական ծիծաղով,— Մուհամմեդը կխռովի։

— Նա հայի միս կուտի,— կրկնեց մի այլը:

— Մենք էլ նրա միսը վաղ առավոտյան կձգենք մեր ձորի գիլաներին...— հառաջ տարավ առաջին ավազակը։

— Ի՞նչ լավ նախաճաշիկ կունենան։

Թուրք կալանավորը դարձյալ ոչինչ չպատասխանեց, կրկին արձակեց մի դառն հառաչանք։