Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչ նրանք այդ զվարճության մեջ էին` հեռվից լսելի եղավ հրացանի ձայն, որի արձագանքը կրկնվեցավ այրի միջից։

— Տղերք, Մեխակն է,— ասացին ավազակները միաձայն և ամենի դեմքի վրա նկատվեցավ ուրախության նման մի բան։ Նրանցից մինը դուրս գնաց և արձակեց յուր ատրճանակը ձիաները ամենևին չխրտնեցան նրա ձայնից, որովհետև նրանց ականջները վաղուց սովորած էին այդպիսի թնդյունների... Քառորդ ժամից հետո լսելի եղան ձիերի ոտնաձայներ և հինգ հոգի իջան այրի մուտքի առջև։ Նրանք յուրյանց յափունջիները ձգեցին քրտնած ձիերի վրա, երկաթե ոտնակապերով բխովեցին նրանց և ներս մտան։

— Բարով, Մեխակ ջան, ողջույն, տեր-հայր,— լսելի եղավ ամենի բերանից։

— Քանի անգամ ասել եմ ինձ այդպես չկանչեք,— խոսեց եկվորներից այն, որին «տեր-հայր» էին ասում և մոտեցավ կրակին, սկսավ ձեռքերը տաքացնել։ Նա մի տղամարդ էր միջահասակ, հաստ ու պինդ կազմվածքով, լայն թիկունքով և մինչև աչքերը մազով պատած երեսով։

— Քո օծյալ աջին մատաղ,— պատասխանեց ավազակներից մինը լի ջերմեռանդությամբ,— նրա շնորհն է մեզ պահում։

— Ես այս րոպեին ձեր ընկերն եմ, երբ խաշի տեղ սուր եմ կրում,— պատասխանեց քահանան, և չնայելով այն պատկառանքին, որ ընկերները ցույց էին տալիս նրան։ Հրացանը մի կողմ դրեց և նստեց կրակի մոտ։ Մեխակը շատ էր փոխվել, դեմքը բոլորովին այրվել մուգ գույն էր ստացել, ձեռքերը կոշտացել էին, և երեսի մազերը, որ առաջ ածելում էր, թանձրացել և խիտ մորուք էին կազմել: Թեհրանի թիրմա շալերից և գույնզգույն, նուրբ աբրշումի գործվածքներից հագուստների նշանն անգամ չէր երևում նրա վրա, Թարաքամի ահագին փափախը, լեզգու մոխրագույն շալից չերքեզկան, մինչև վիզը կոճկած սև ղադաքի արխալուղը, բարձր վզերով, երկաթի կրունկներով, ոտքերին սեղմված Երևանի լափչիքը` տալիս էին նրա վայելուչ հասակին մի կերպարանք, որ սկզբից ծնեցնում էր նայողի մեջ այն միտքը, թե այդ տղամարդը կամ ավազակ էր, կամ փախստական մաքսախույս: Նրա կովկասյան զենքերը ավելի ահեղ ձև էին տալիս այդ քաջազնական հասակին: Մեջքը սեղմված էր արծաթի քամարով, որի առջևից քարշ էր ընկած խենջարը, ձախ կողմից յորդան (սուր), աջ կողմից լայնաբերան ղարաբինան։ Ատրճանակները,