Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վառոդի և գնդակների պահարանները, ամեն մինը յուր պատշաճավոր տեղը ունեին բռնած։

Նրա ընկերները թե՛ հագուստի ձևերով, և թե՛ զենքերի պարագաներով շատ չէին որոշվում յուրյանց հրոսակի գլխավորից,— դա Մեխակն էր։

— Տղե՛րք, ես գայլի նման քաղցած եմ, ի՞նչ ունիք ուտելու,— հարցրուց նա մոտենալով կրակին։

Ընկերները ցույց տվեցին ղաբանի վրա։

— Հաց չունե՞ք։

— Մի քիչ ալյուր կգտնվի,— ասաց մինը և վեր կացավ տեղից սկսավ պտռել յուր խուրջինը։

— Դե՛, քո հոգուն մատաղ, թե կարենաս միքիչ հաց թխել,— ասաց Մեխակը և նստեց տերտերի մոտ։

Նա առավ պղնձե թասը, դուրս տարավ և դրեց անձրևի տակ. քանի րոպեից հետո թասը մինչև կեսը լցվավ ջրով։ Հետո գտնված ալյուրը նրա մեջ ածելով, խմոր շինեց, և ապա կրակը հետ քաշելով նա կտրեց խմորից բոլորակ բաղարջների նման և ձգեց տաքացած հատակի վրա։

Ընթրիքից հետո բոլորը պառկեցան քնելու, միայն երկու հոգի մնացին արթուն, նրանք այրի դռանը նստած հսկում էին ձիաներին[1]։

  1. Ձեռագիրը այստեղ ընդհատվում է։