Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԵՂԵՑԻԿ ՎԱՐԹԻԿԸ

Ա

Ատրպատականի Ուրմի նահանգի հայաբնակ գյուղերից մինի մեջ յուր ընտանիքով բնակվում էր Հայրապետ անունով մի հայ մարդ։

Հայրապետը համարվում էր յուր դրացիների մեջ ամենահարուստը և բախտավորը, որովհետև նա ուներ՝ փոքրիկ, կավից շինված խրճիթ, երկու կթելու կովեր, մի զույգ եզն յուր արորը վարելու համար, չորս առողջ և բանվոր որդիք, նույն թվով հարսներ և մի հասուն աղջիկ, մի խոսքով, նա ուներ ավելի գործող ձեռքեր։

Գարնան գեղեցիկ և փափուկ առավոտներից մինն էր։

Արշայույսը դեռ նոր սկսել էր ոսկեզօծել յուր թշերը վարդի և քրքումի գույներով։ Թռչունները դեռ նոր վերհնչում էին իրանց վաղորդյան փառաբանությունը տիեզերքի ճարտարապետին։ Անուշահոտ ծաղիկները դեռ նոր խնկում էին իրանց բուրմունքը բնության սրբարանի մեջ։

Գյուղի ժամատան գագաթից լսելի եղավ կոչնակի ձայնը:

Ծերունի Հայրապետը, վաղուց արդեն լվացված և հագնված, կանգնած էր խրճիթի բակում: Բայց նա չշտապեց դեպի եկեղեցին, որովհետև նրան կոչում էին կյանքի ավելի ծանր և կարևոր հոգսերը, քան թե հոգու և կյանքի համար մտածելը։

- Խաչո՛, Մաթոս՛, Պողոս՛, Խուդո՛,- ձայն տվեց նա յուր որդիներին։ Քանի րոպեից հետո երևան եղան չորս տղամարդիկ, կապույտ