Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամից գրավել կարեկից տղամարդի սիրտը, ուր այն փառազուրկ, աղքատ և անպաճույճ գոյության մեջ, կարող էր նկատե դժբախտության տխուր պատկերը սիրո և գեղեցկության բոլոր վսեմություններով։

Նրա թեև բանելուց կոշտացած ձեռքերը, բոբիկ ման գալուց ճաքճքած և սևացած ոտքերը դեռ կրում էին իրանց մեջ մի գողտրիկ քնքշություն, որոնք առաջին նայվածքից ձգում էին կարեկից նայողի սրտում մի ցավալի ափսոսանք՝ թե ինչո՞ւ դրանք զոհվում էին ստրկական կյանքի վշտաբեր կարիքներին, թե մի այդպիսի գեղեցիկ ձեռքերը և ոտիկները, փայփայելով փափուկ կեցության մեջ, կարող էին գրավել միշտ գեղասեր երիտասարդի նուրբ ճաշակը

Այսուամենայնիվ Վարթիկը, էր թագուհի յուր գյուղի աղջիկների մեջ, նրան կոչում էին գեղեցիկ Վարթիկ։

Ամեն առավոտ Վարթիկը ստիպված էր գնալ խանի մշակության դաշտերում գործելու։ Այդ, կարծես թե, նրա ճակատագիրն էր, և նա հպատակվում էր դրան խոնարհությամբ...

Հասնելով բրնձի դաշտերին, վերակացու ֆերրաշը բաժանեց աղջիկների մեջ գործը, թե նրանցից ամեն մինը մինչև իրիկուն քանի ածու պիտի մաքրեր ավելորդ խոտաբույսերից։

Գործը սկսվեցավ։ Աղջիկներից ամեն մինը մտան իրենց նշանակված ածուն և սկսան աշխատել։

Բայց Վարթիկը զարմացավ տեսնելով, որ յուր մաքրելու ածուն բավականին հեռու էր նշանակված յուր ընկերուհիներեն, այնպես որ նա, բաժանված աղջիկների խմբից, մնում էր միայնակ։

Հանկարծ, հանդիպակաց բլուրի հետևից երևան եղավ մի ձիավոր, փայլուն, խայտաճամուկ հագուստով։ Նա կրում էր յուր աջի վրա մի բազե և նրա որսորդական բարակները խորամանկությամբ սողում էին հունձի արտերի մեջ, լորերը թռցնելով։

Այդ գեղեցիկ որսորդը գյուղատեր խանի մանկահասակ որդիներից մինն էր։ Նա մոտեցավ բրնձի դաշտին, ուր գործում էին աղջիկները։ Վերակացու ֆերրաշը առաջ վազեց և բռնեց յուր տիրոջ ձիու սանձը, և խորին կերպով գլուխ տվեց նրան։ Խանի որդին վայր էջավ ձիեն։

—Դու կատարեցի՞ր իմ հրամանը,— հարցրուց խանզադեն յուր ծառայեն։

— Այո՛, տեր իմ,— պատասխանեց վերակացոա ֆերրաշը, կրկին գլուխ տալով։