Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՞րն է նա:

— Ահա այն մենավոր աղջիկը, որ գործում է դաշտի հեռավոր անկյունում,— մատով ցույց տվեց ֆերրաշր Վարթիկին։

Խանի որդին մոտեցավ աղջիկներին, նրանք բոլորը դադարեցան գործելուց և խոնարհությամբ գլուխ իջուցին իրանց աղայի որդուն։

Նա զննեց նրանց գործը, գովեց նրանց աշխատասիրությունը. աղջիկներն ուրախացան, կրկին գլուխ իջուցին, իսկ նա բաժանվելով նրանցից, սկսավ դիմել դեպի այն կողմը, ուր գործում էր Վարթիկը։

Գեղեցիկ աղջիկը, ձեռքերով և ոտքերով թաթախված ցեխերի մեջ, անդադար գործում էր։ Բայց նրա դեմքը, նույն րոպեին շառագունված գործի տաքությունից, փայլում էր հիանալի գեղեցկությամբ։

— Բարաքալլա, բարաքալլա,— ասաց խանի որդին, մոտենալով գեղեցիկ օրիորդին։— Ինչ աշխատասեր աղջիկ ես դու... Վարթիկը ոչինչ չպատասխանեց և խորին գլուխ տվեց յուր տիրոջը։

— Ո՞ւմ աղջիկն ես դու,— հարցրուց խանզադեն։

— Ձեր ծառայի, Հայրապետի աղջիկն եմ ես,— պատասխանեց օրիորդը։

— Ո՞րպես է կոչվում քո անունը։

— Վարթիկ։

— Ինչ հիանալի անուն է այդ, գեղեցիկ աղջիկ, հիրավի, Դիլ֊գուշեի[1] վարդերը ամաչեն քո սիրուն թշերի մոտ։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց և ավելի կարմրեցավ։

— Բայց ափսոս դու հայ ես և քրիստոնյա...— կրկնեց խանի որդին, ավելի զգալի նշանակություն տալով յուր խոսքերին։ Օրիորդը դարձյալ ոչինչ չպատասխանեց, միայն նրա մարմինը ցնցվեցավ մի անհնարին դողով, և նրա սիրտը զգաց խորին տհաճություն։

— Դու որքան գեղեցիկ ես իմ կարծիքով, այնքան ևս խնլացի աղջիկ պիտի լինիս,— առաջ տարավ խանի որդին.

— Դու համաձայնո՞ւմ ես, որ քո այժմյան վիճակը աննախանձելի չէ՛։

  1. Դիլ-գուշե — պարսկերեն նշանակում է սիրտ բաց անող, այսինքն զվարճացնող․ մի գեղեցիկ այգիի անուն է Ուրմի քաղաքում։ Ծանոթ, հեղ.: