Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Սամվել» վեպի «Փակագծիր մեջ» գլխում վիպասանն ամփոփում է իր պատմափիլիսոփայական հայացքները 4֊րդ դարի վերաբերյալ, աշխատելով մաքսիմալ բարեխղճություն հանդես բերել դարաշրջանի ըմբռնման և նրա գեղարվեստական արտացոլման մեջ։ Այդ ուսումնասիրությունն էր վիպասանին հանգեցրել այն եզրակացության, որ պատմական վեպը պետք է լինի ժողովրդի կյանքի նկարագիրը։

Րաֆֆին անցյալում որոնում է ժողովրդական տիպեր, սիրով, խոր համակրանքով նկարագրում է նրանց իբրև դրական հերոսների, ազատագրական պատերազմի մասնակիցների։ Վեպի ընդհանուր կառուցվածքի մեջ դրանք լայնածավալ տեղ չեն գրավում, բայց ընթերցողի հիշողությունից չեն էլ մոռացվում Մալխասը, կամ Հուսիկը, հետաքրքրական դիմանկարով ներկայացված Արբակը, «հասարակ» Նվարդը։ Րաֆֆին անցյալում խոշոր տեղ էր հատկացնում կնոջը։ Սամվելի մայր Տաճատուհին դավաճանի տիպ է, բայց Փաոանձեմը, ընդհակառակը, ազգային պետության նախանձախնդիր, հայրենիքին հավատարիմ, պետական մտածողությամբ օժտված հայ կնոջ կերպարը։ Իհարկե, վեպում գլխավոր դեմքերը հայ ազնվականության և թշնամու բանակի ներկայացուցիչներն են։ Րաֆֆին, որ տեսականորեն շատ լավ էր ըմբռնում ժողովրդին պատկերելու հարցը, տալիս է ժողովրդական մարդկանց կերպարներ, վերջ ի վերջո չէր կարողանում ժողովրդին ցույց տալ, իբրև պատմական պրոցեսի շարժիչ ուժի, թե՛ «Դավիթ-բեկում» և թե՛ «Սամվելում» շեշտը դնելով հերոս-անհատների վրա, նրանցից էլ ակնկալելով պայքարի հաջող ելքը։ Այս դրույթը բխում է հեղինակի աշխարհայացքից, որի մեջ առկա ժողովրդասիրությունը չէր վերածվել ժողովրդի վճռական դերի գիտակցության։ «Սամվելում» Րաֆֆու մտքի վրա ճնշում է գործում այն մտածողությունը, ըստ որի անհատը շարժիչ ուժն է, իսկ ժողովուրդը նրան միացող, նրան իր հույզերը հաղորդող զանգված։ «Սամվելի» գաղափարական կոնցեպցիայի մեջ ամենից ավելի աչքի ընկնող կողմն այն է, որ վեպը դրվագում է հայ հասարակության կենտրոնաձիգ ուժերին, հարվածում է կենտրոնախույս տարրերին, հրապարակ է բերում ազգային անկախ պետության պահպանման գաղափարը, բորբոքում է հայրենասիրությունը։

Կարելի է չկասկածել, որ Րաֆֆին իր օրերի նկարագիրը տալիս ժողովրդական զանգվածների, հայ ժողովրդի դերը ավելի խորն է ըմբռնել, քան նույն զանգվածների դերը պատմական անցյալում։ Չնայած իր ճիշտ նպատակադրմանը, վիպասանը պատմական անցյալի նկարագրության մեջ չհասավ հասարակության ներքին կյանքի, դասակարգային հակասությունների պատկերմանը, այստեղ ևս տուրք տվեց ռոմանտիզմին։

Րաֆֆին հայ գրականության մեջ ստեղծում և հաստատում է իր ուրույն ոճը։ Նա մեծ ու լայն ընդգրկումների հեղինակ է, տարբեր ժամանակների, բազմազան երևույթների, մարդկանց, միջավայրերի պատկերը ստեղծող արվեստագետ։ Նրա հատկանիշներից մեկը — մտքերի հարստությունն ու առատությունն է գրվածքներում։ Յուրաքանչյուր գործող անձ և դեմք օժտված է մտածելու կարողությամբ, կրքոտ կերպով նվիրված է իր գաղափարներին։ Րաֆֆու երկերի իդեական հագեցվածությունը, մտքերի թարմությունն ու արտահայտության հորդահոս ընթացքը — առանձնապես գերում են ընթերցողին։

Րաֆֆին աչքի է ընկնում նկարիչ-պատկերագրոզի իր խոշոր տաղանդով։