Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդը դարձյալ լուռ էր։ Վրդովմունքը արդեն սկսել էր խեղդել նրան։

— Ինչո՞ւ չես խոսում,— հարցրեց իշխանի որդին։

— Ես աղքատ աղջիկ եմ, տեր իմ,— պատասխանեց Վարթիկը դողալով։

— Բայց երևակայի՛ր, որ քեզ նման մի սիրուն աղջիկ կարող է լինել հարուստ, բախտավոր և միևնույն ժամանակ տիրուհին այդ գյուղի, որի դաշտերը ստիպված ես դու մշակել քո քնքուշ ձեռքերով։ Օրիորդը պատասխանեց խիստ ցավալի կերպով.

— Ինձ այդպես է ստեղծել աստված, տեր իմ։

— Դու սխալվում ես, դու կարող ես լինել բախտավոր։

— Ինչո՞վ,— հարցրուց օրիորդը, փոքր֊ինչ համաձայնություն ստանալով։

— Եթե կընդունեիր մի առաջարկություն,— պատասխանեց խանի որդին։

— Ո՞րպիսի առաջարկություն,— զարհուրելով կրկնեց նա։ Խանի որդին ավելի մոտեցավ նրան և ասաց սիրահարվածի ոճով.

— Մի գեղեցիկ առաջարկություն — սիրել ինձ։

Օրիորդը սարսափեցավ և ոչինչ չպատասխանեց։

— Ինչո՞ւ չեք խոսում,— հարցրուց իշխանի որդին։

— Ես քրիստոնյա եմ, իսկ դուք թուրք, ինձ չէ կարելի սիրել ձեզ,— ասաց օրիորդը վճռական կերպով։

— Սերը խտրություն չէ դնում կրոնքների մեջ, գեղեցիկ օրիորդ,— պատասխանեց իշխանի որդին։ Օրիորդը ոչինչ չպատասխանեց։

— Քեզ ավելի լավ կլիներ և թուրքանալ, այն ժամանակ դու, բացի այդ աշխարհի բախտավորությունից, որ կվայելեիր իմ սիրով, և մասնակից կլինեիր մեծ մարգարեի (Մուհամմեդի) ջեննաթի երանություններին։

— Ոչինչ բախտավորություն, ոչինչ երանություններ չեն կարող բաժանել ինձ իմ հավատքեն,— պատասխանեց օրիորդը համարձակ կերպով։

— Այդ հիմարություն է,— արհամարհանոք ասաց երիտասարդը։

— Դուք այդպես համարեցե՛ք, միայն այդ իմ համոզմունքն է։

— Բայց ես կստիպեմ քեզ իմ առաջարկությունները ընդունելու․․․—