Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորականից խիստ շուտ, իսկ ամենից հետո կարձակես Վարթիկին։

—Լսում եմ, տեր իմ,— ասաց ֆերրաշը գլուխ տալով։

Իշխանորդին հեռացավ։

Դ

Կեսօր էր։

Վերակացու ֆերրաշը հրամայեց աղջիկներին դադարել գործելուց և նստել ճաշելու։ Նրանք լվացվեցան մերձահոս առվակի ջրով, և խումբ-խումբ նստեցին մոտավոր ուռիների հովանու տակ, կանաչ խոտերի վրա, և ամեն մինը բաց անելով յուր հետ բերած հացը, սկսան ճաշել։

Իսկ Վարթիկը, յուր ընկերուհու Նարգիսի հետ, հեռացան մի ծառի տակ։

— Վարթիկ, դու ի՞նչ ես բերել տանից ուտելու,— հարցրուց Նարգիսը։

— Մենք այսօր ոչինչ չունեինք, քույրիկ,— ասաց Վարթիկը,— բերել եմ միայն մի կտոր պանիր և սոխ, հացի հետ։

— Ինձ առավոտը մայրս տվավ կարագ և սեր, միասին կուտենք, քույրիկ,— կրկնեց բարեսիրտ Նարգիսը։ Նրանք նստեցին ծառի տակ և ամեն մեկը բաց արավ յուր հացի թաշկինակը։

— Ձեր կովերը չե՞ն կթվում,— հարցրուց Նարգիսը։

— Մեր կարմիր կովը երեք շաբաթ է, որ ցամաքել է, կաթ չէր տալիս։ Մայրս ասում է, թե պառավ Գոզեն նազարլամիշ արավ (չար աչքով տվեց), գիտե՞ս նա ի՞նչ չար աչք ունի, Նարգիս։

— Ուֆ, նրա աչքը տրաքի, ափսոս չէ՛ր կարմիր կովը,— ցավելով խոսեց Նարգիսը։— Բայց Վարթիկ, քույրիկ, մեր կովն էլ նազարլամիշ արին, ցամաքեցավ, կաթ չէր տալիս, մայրս գնաց տերտերի մոտ, մի վառյակ, տասն հատ ձու ընծա տարավ, տերտերը մի զորավոր գիր էր արած թղթի վրա, այն գիրը մայրս կաշու մեջ կարեց, և քարշ տվավ կովի եղջյուրներից։ Քո արևը, Վարթիկ, կաթը հենց այն օրը սկսեց աղբյուրի պես վազել։

— Այդ լավ է, Նարգիս ջան, ես էլ կասեմ մորս գնա տերտերի մոտ, գիր անել տա։

Այսպես խոսելով, երկու ընկերուհիները ուտում էին իրանց