Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք հասան բրնձի դաշտերին, ուր ցերեկով գործել էր նա. այնտեղ դարձյալ չգտան նրան։

Պառավ մայրը, իբրև մատակ առյուծ, որի բույնից խլել էին կորյունը, կատաղաբար սկսավ վազվզել դաշտերի մեջ։ Նրա ծերունի ամուսինը հետևեց յուր կնոջը։ Եղբայրները նույնպես ամեն մինը դեպի մի կողմ գնացին։

Լուսինը յուր գունավոր դեմքը ցույց տվեց թուխ ամպերի տակից։ Գիշերային խավարը մի փոքր պարզվեցավ։ Հանկարծ լսելի եղավ Խաչոյի ձայնը։ Ամենքը դեպի այն կողմը վազեցին, Խաչոն կանգնած էր ձեռնատունկ անտառի մոտ, ուր պատահեցավ խրղճալի օրիորդի հափշտակվիլը։

— Ահա՛ նրա նշանները,— ասաց Խաչոն, ցույց տալով գետնի վրա ընկած մի քանի առարկաներ։

— Այդ նրա խշբիկն է, այդ նրա ոտի տեղն է, ահա նրա հացի թաշկինակը..․— գոչեց ծերունի Հայրապետը, և ընկավ գետին...։

— Իմ Վարթիկս կորա՜վ...— հառաչեց պառավը և ուշաթափ ընկավ յուր ամուսնի գրկում։ Սույն միջոցում Ուրմի քաղաքի մեջ, որ ավելի հեռու չէր այն գյուղից, ուր պատահեցավ այդ անցքը, մի հոյակապ ապարանքում, փառավոր կերպով լուսավորված էր մի սենյակ։ Նրա լուսամուտները, զարդարված գույնզգույն ծաղկանկար ապակիներով, վառվում էին կախարդական փայլողությամբ։ Խորասանու գեղեցիկ գորգեր, շինական հազվագյուտ ամաններ, բյուրեղային և բրոնզե կարասիք, ոսկի, արծաթ, գոհարներ,— բոլորը միախառնվելով, շնչում էին պարսկական կյանքի ճոխ և խայտաճամուկ շռայլությամբ։

Այդ սենյակի մի անկյունում կանգնած էր մեր ընթերցողին արդեն նախածանոթ կալվածատեր խանի որդին, մեծաշուք կերպով հագնված, և մի անկյունում կուչ էր եկած գեղեցիկ Վարթիկը, դեռ յուր հնամաշ, աղքատիկ հագուստով։

Խանի որդու առջև դրած էին զանազան տեսակի կանացի հագուստներ, ոսկեհուռ, կարված մախմուրից, ատլասից, քիշմիրյան շալից և նուրբ կերպասներից։ Նա յուր ձեռքին բռնած ուներ մի գեղեցիկ օղամանյակ, որ վառվում էր զանազան գոհարներով, և ոսկի ապարանջաններ, բազկակապեր, մատանիներ և այլ կանացի զարդարանքներ, որոնք իրանց փայլողությամբ կուրացուցիչ Էին։

— Գեղեցիկ աղջիկ,— խոսեց վերջապես խանի որդին, ցույց տալով հագուստների և պաճուճանքների վրա,— դոքա բոլորն