Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ աստված քեզ գեղեցիկ ստեղծեց, ինչո՞ւ դու չմեռար քո խանձարուրի մեջ...։

Արտասուքը խեղդեց նրան։ Նա երկրորդ անգամ յուր տխուր հայացքը ձգելով դստեր երեսին, հառաչեց.

— Ա՜խ, դու քո այլանդակության մեջ դարձյալ գեղեցիկ ես...:

Բայց օրիորդի սիրտը կարծես քարացել էր, ո՛չ մի կաթիլ արտասուք չէր երևում նրա՝ նույն րոպեում բոցավառված աչքերում, բայց երևում էր նրա կուսական սրտիկը վրդովվում էր սարսափելի խռովության մեջ։ Նա դարձավ դեպի մայրը այսպիսի խոսքերով.

— Մայր իմ, դու ասացիր, թե ավելի լավ կլիներ, որ ես մեռած լինեի իմ խանձարուրի մեջ, այդպես չէ՞...

— Այո,— պատասխանեց Եղիսաբեթը տխուր կերպով,— գոնյա դու այսօր զոհ չէիր լինիլ անօրեններին...։

— Ուրեմն հեռացիր մի քանի րոպե։

— Ինչո՞ւ։

— Ես իսկույն կկատարեմ քո ցանկությունը, որին ես ինքս փափագում եմ...։

— Ի՞նչ ես խոսում։

— Ահա՛ իմ վերջին հույսը,— ասաց օրիորդը յուր աչքերը սարսափելի կերպով փայլեցնելով և դուրս բերեց փոքրիկ խենջարը, որ նա թաքցրել էր յուր ծոցում։

Մայրը հարձակվելով դստեր վրա, խլեց նորա ձեռքից զենքը։ Հանկարծ դռները շառաչմամբ ետ գնացին, ներս մտավ գյուղի գզիրը մի քանի ֆերրաշներով։

— Գյուղի աղջիկները բոլորը հավաքվել են, մի՛ ուշացրեք Նազանիին,— ասաց նա։

Նրանք տարան թշվառ զոհը դեպի ճակատագրական հանդեսը, իսկ Եղիսաբեթը արտասուքն աչքերում չոքեց գետնի վրա և սկսավ աղոթել...։


Գ

Գյուղի ընդարձակ հրապարակների մինի մեջ կարգով շարված էր աղջիկների խումբը՝ զանազան ազգերից և զանազան կրոնքներից։ Նրանց մեջ կային հայեր, ասորիներ և հրեաներ։ Տխուր և մռայլված դեմքերով կանգնած էին թշվառ զոհերը, կարծես նրանցից ո՛չ մինը գոհ չէր յուր վիճակից: