Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԱՆԲԱԽՏ ՀՌԻՓՍԻՄԵՆ


Ա

Գարնան թարմ և փափուկ առավոտ էր։ Արևի շողքերը դեռ նոր խաղում էին վաղորդյան ցողի մարգարիտների հետ։ Տ... գյուղի երդիկներից ծուխը օձանման պտտվում էր երկնքի կապուտակ տարածության մեջ։

Մարթան, ժիր տանտիկինը, նստած նոր վառած թոնրի շրթան մոտ, շերեփը ձեռքին, կերակուրներին էր նայում։ Նրա հարսը՝ Ջավահիրը, թեթև թիթեռնիկի նման, պտտվում էր յուր սկեսուրի շուրջը և նրա հրամաններն էր կատարում: Իսկ գեղեցիկ Հռիփսիմեն, տանտիկնոջ տասն և յոթն տարեկան աղջիկը, ավելը ձեռքին՝ տախտն էր մաքրում։

Հանկարծ ներս մտավ մահտեսի Հակոն, Մարթայի ամուսինը: Հռիփսիմեն և Ջավահիրը, վերջացնելով իրանց գործը, առաջինը առեց յուր կարը և նստավ ծալքի ետքում, սկսավ գործել, իսկ վերջինը գնաց հավերին կուտ տալու։

Մահտեսի Հակոյի դեմքը արտահայտում էր խորին ուրախություն։

— Աչքդ լո՛ւյս Մարթա,— ասաց նա մոտենալով յուր կնոջը։— Կուզե՞ս խեր֊խաբար։

— Ի՞նչ խաբար,— հարցրուց կինը, նույնպես ուրախանալով։

— Մելիքը միտք ունի մեր Հռիփսիմեի վրա պսակվել:

Մարթայի դեմքի վրա երևաց զարմանքի նման մի բան, և նա ասաց.