Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալեքսանը ամենևին լոթի չէ, նա ժիր, բանվոր և ուրախ տղա է։ Ճշմարիտ է, մելիքի չափ փող չունի, բայց ջահիլ է, աշխատավոր է, կարող է կին պահել։

—Նա մելիքի դռան շունը չէ կարող լինել,— բարկությամբ որդու խոսքը կտրեց մահտեսի Հակոն։

—Մելիքին ի՞նչպես փոխենք մի գյադայի (գռեհիկի) հետ,— մեջ մտավ Մարթան։

—Մելիքն ի՞նչ է,— փոքր—ինչ պինդ ձայնով հարցրուց Ստեփանը։ —Դիցուք թե փող շատ ունի, ինքն մեծ մարդ է. բայց վաթսուն տարեկան ծերացած և փտած մարդ է․․․ Հռիփսիմեն պիտի գնա նրա եթիմներին (որբերին) մայրություն անե՞․․․

—Այ տղա, ի՞նչ ես խելքդ կորցրել,— շարունակեց մահտեսի Հակոն,— ի՞նչ ես սարսաղ—սարսաղ գլխիցդ դուրս տալիս, մելիքը ինքը ինչ կուզի թող լինի։ Մեզ բավական է միայն, որ նրա նման մի մարդ մեզ փեսա է դառնում․․․ Շատ բաշլըղ կառնենք, նա կօգնե մեզ գյուղի գործերում, մեզ թև ու թիկունք կդառնա, գյուղացիքը մեզնից կվախենան, մեր ցանքի ջուրը չեն կտրի, մեր արտերը չեն փչացնի։ Խանը մեզանից ավելի հարկ չի կարող առնել, մի խոսքով, նա մեզ ամեն չարից կպահպանե․․․

Ստեփանը էլ ավելի չխոսեց, գլուխը թափ տալով տանից դուրս գնաց, քթի տակից մրթմրթալով,—«Ես գիտեմ այդ բանի վերջն ի'նչ կլինի»․․․։

Գ

Այդ խոսակցության ժամանակ Հռիփսիմեն, ծալքի ետնեն միայնակ նստած, լսում էր բոլորը։ Հայրը տանից գնալեն հետո, նա դուրս եկավ այնտեղից։

—Այդ ի՞նչ է, աղջի, աչքերդ կարմրել են,— հարցրուց մայրը:

—Ոչինչ, մայրի'կ, գլուխս մի քիչ ցավում է,—պատասխանեց օրիորդը ողորմելի ձայնով։

—Դու լաց ես եղել, Հռիփսիմե, արտասուքը թշերիցդ դեռ չէ չորացել։

—Չէ՛, մայրիկ, գլուխս ցավում է․․․

Աղջիկը էլ ոչինչ չխոսեց, սափորը առավ ուսին, գնաց աղբյուրից ջուր բերելու։

Մայրը մնաց միայնակ։