Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է

Այդ խոսակցության միջոցին, մի մարդ, դևի նման կուչ եկած բանտի սանդուղքների վրա, լսում էր բոլորը։ Ստեփանի դուրս գալու ժամանակ, նա քաշվեցավ, ուրվականի պես կորավ գիշերային խավարի մեջ։ Քանի ժամից հետո նույն մարդը հայտնվեցավ մելիքի մոտ և պատմեց յուր լսածները։

Մելիքի վայրենի դեմքը խռովեցավ կատաղության բարկությունով, և նա հրամայեց իրան տալ գրիչ և թուղթ։

— Ես կցույց տամ քեզ փախչելը,— ասաց նա, և սկսավ գրել մի այդպիսի նամակ։

«Վսեմափառ խան»։

«Նամակիս հետ ուղարկում եմ ձեզ հարյուր հատ ոսկի էշրեֆի, այն պայմանով միայն, որ դուք հրամայեք այս գիշեր վերջ տային այն հայ երիտասարդի կյանքին, որ ձեր բանտումն է»։

Նա կնքեց նամակը և ոսկիների հետ տվեց ծառային, տանել խանին։

Նույն րոպեին նրա խոժոռ դեմքի վրա ցնցվեցավ մի սարսափելի ծիծաղ։

«Ում հետ են խաղ անում դրանք... — ասաց նա ինքնաբավական հպարտությամբ,— ամբողջ գավառիս հայ ժողովուրդը ինձանից դողում է... Խանի սիրտը ձեռքումս ունեմ... ինչեր ուզում եմ, անում եմ... Հե՞շտ է ինձ հետ գործ ունենալ»...

Քանի րոպեից հետո նա փոխեց յուր խոսքը. «Ա՛խ, Հռիփսիմե, ինչու դու չես սիրում ինձ... շուտով ես քո մտքի ցնորքը դեպի մյուս աշխարհը կուղարկեմ... այն ժամանակ դու ստիպված կլինես սիրել ինձ... սիրել և մանկացնել իմ սպիտակ ալիքները»...։

Վերջին խոսքերը վառեցին ծերունի տարփածուի սրտում նրա սառած կրքերը, և նա իսկույն ձայն տվեց յուր տնտեսին։

Հայտնվեցավ մի կարճլիկ մարդ, մռայլված կերպարանքով։

— Մառտո,— հրամայեց նրան,— էգուց առավոտից պատրաստվեցեք սկսել հարսանիքը։

— Դեռ շատ բան պակաս է, տեր իմ,— պատասխանեց տնտեսը։

— Փույթ չէ՛, լսի՚ր, ինչ որ ասում եմ քեզ։

— Հրամեր եք, աղա,— ասաց տնտեսը և գլուխ տալով հեռացավ։

Տնտեսը գնալուց հետո նա դարձյալ անձնատուր եղավ յուր մտքերին. «Ես բոլորովին առողջ եմ զգում ինձ այժմ, ամբողջ երեք