Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժ

Կես գիշերից երկու ժամ անց էր, երբ մահտեսի Հակոյի տնեն ուրախացող բազմություն հեռացավ։ Ճրագները հանգցրին և մնացածները քուն մտան։

Իսկ Հռիփսիմեից վաղուց փախել էր քունը։ Նա անհանգիստ մինին սպասում էր յուր սենյակում։ Հանկարծ այնտեղ մտավ նրա եղբայրը՝ Ստեփանը։

— Շտապի՛ր, Հռիփսիմե՛, ժամանակը կորչում է, շտապի՛ր գնանք,— ասաց նա, բռնելով քրոջ ձեռքից։

Հռիփսիմեն վերջին անգամ նայեց ծնողական տան վրա և մի քանի կաթիլ արտասուք թափելեն հետո, եղբոր հետ դուրս եկան տանից։

Այդ այն խորհրդական գիշերն էր, որ բանտի պահապանը խոստացել էր ազատել Ալեքսանին։ Նրանք հասան այն ամրոցին, որի ստորերկրյա խորշերում փակված էր օրիորդ Հռիփսիմեի անքուն գիշերների առարկան։

Նրանք անհամբեր սպասում էին նշանակյալ տեղում, երբ հայտնվեցավ պահապանը։

— Ո՞ւր է Ալեքսանը,— հարց արին նրանից։

— Ահա՛ տանում են,— ցույցտվեց նա խավարի մեջ։ Նրանք նշմարեցին երկու մարդ, որոնք տանում էին մի բան։

Նրանք մոտ գնացին և տեսան մի դիակ արյունով շաղախված։

Օրիորդը հառաչեց և ընկավ գետին....

Քանի օրից հետո, պատառոտած շորերը հագին, կիսամերկ և խառնված մազերով մի աղջիկ վազ էր տալիս դաշտերում։ Ստեփանը կամենում էր բռնել նրան և չէր կարողանում։ Աղջիկը վազեց և վազեց վերջապես ընկավ մի թարմ հողադամբարանի վրա, ուր դրած էր անբախտ Ալեքսանի մարմինը։

Այդ աղջիկը դժբախտ Հռիփսիմեն էր։ Խղճալին ցնորված էր արդեն...