Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ահա՛ քեզ արծաթ, նոր հագուստներ գնի՛ր քեզ համար,- խոսեց բեկը, առաջարկելով մի քանի ոսկի դրամներ։

Սոնան-այդպես էր կնոջ անունը-շփոթվեցավ։

— Ընդունի՛ր այդ ոսկիները,-կրկնեց բեկը։

— Ի՛նչ պետք է, տեր իմ, ինձ նոր հագուստը, երբ ես ամեն օր մշակության մեջ եմ ապրում,-պատասխանեց Սոնան հրաժարվելով։

— Ես կհրամայեմ քեզ չաշխատացնել մշակության մեջ, և քեզ միջոցներ կտամ ապրելու, որպես մի տիկին։

— Ես չեմ կարող չօգնել իմ տղամարդին։

— Դրանից էլ նույնպես կազատեմ քեզ։

Կինը ոչինչ չպատասխանեց։

— Չե՞ս ընդունում այդ ոսկիքը։

— Չեմ կարող։

— Ինչո՞ւ։

— Այնպես, չեմ կարող...

Սոնան և յուր ամուսին Մարտիրոսը աղքատ գյուղացիք էին։ Նրանց բոլոր հարստությունը բաղկացած էր մի զույգ այծերից, որոնց կաթով ապրում էին նրանք, մի ճախարակից, որով Սոնան բամբակի թելեր էր մանում վաճառքի համար, և մի բահից, որ ամեն օր վաղ առավոտյան Մարտիրոսը, ուսին դրած, գնում էր դեպի գյուղամեջը, և այնքան վիզը ծռած կանգնում էր այնտեղ, մինչև նրա դրացիներից մինը, մի քանի ապասի վճարելով, վարձում էր նրան և ամբողջ օրը բանեցնում էր յուր մշակության դաշտերում։

Այդպիսի դառն աշխատությամբ դարձյալ գոհ էին նրանք, երբ կարողանում էին իրանց խրճիթի մեջ հանգիստ քուն վայելել։ Իսկ այդ բախտը խիստ սակավ էր հաջողվում նրանց։

Մի օր Մարտիրոսին յուր մոտ կանչեց գյուղատեր խանի որդին՝ Րիզա-բեկը, որ յուր հոր վախճանից հետո կառավարում էր նրա կալվածքները։

Երկյուղից խեղճ գյուղացու շունչը կտրվեցավ, մինչև խանի որդու մոտ հասնելը, բայց տեսնելով նրա ուրախ դեմքը, մի փոքր ոգի ստացավ, և մինչև գետին խոնարհվելով, երկրպագեց նրան: