Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդը քարացավ. սարսափի նման մի բան վազեց նրա գունատ դեմքի վրա։

Բժշկապետն իսկույն նկատեց յուր խոսքերի ցավալի տպավորությունն անծանոթի վրա, և զղջալով այնպես հանկարծակի նրան վրդովելու համար, հարցրուց.

— Դուք երևի հիվանդի ազգականն եք։

— Ո՛չ, ես նրա ծանոթն եմ միայն...— պատասխանեց երիտասարդը տխրությամբ։

— Ուրեմն և ծանոթ կլինեք նրա կյանքի և անցյալի հետ։

— Բոլորովին....

— Ուրեմն ներեցեք ինձ հարցնել ձեզանից մի քանի բան հիվանդի մասին, որոնք իբրև բժիշկ պետք է ինձ գիտենալ։

— Ես բոլորովին պատրաստ եմ լցուցանել ձեր հարցասիրությունն, եթե այդ օգուտ կբերեր նրան։

Բժշկապետը սեղմեց երիտասարդի ձեռքն ի նշան յուր շնորհակալության և խնդրեց նստել կառքը ասելով.

— Գնանք ինձ մոտ, ես այստեղ մոտիկ եմ կենում։

Նրանք նստեցին։ Կառքի մեջ անդադար հարցնում էր երիտասարդը.— ուրեմն ոչ մի հույս չկա՞...

— Կյանքը մի մազաչափ պատճառով կարող է վերադարձնել յուր զորությունը,— ասում էր բժշկապետը տեսնելով, որ երիտասարդը շատ անհանգիստ է:

Քանի րոպեից հետո կառքը կանգնեցավ մի փոքրիկ տան հանդեպ, շուտով նրանք մտան մի հասարակ կերպով կահյալ սենյակ:

— Ո՞ւմ հետ պատիվ ունեմ ես,— եղավ բժշկապետի առաջին հարցմունքը։

— Ես կոչվում եմ Հովսեփ Արեսյան,— պատասխանեց երիտասարդը,— մնացածը դուք ինքներդ կգիտենաք։

Նրանք նստեցին միմյանց շատ մոտ կիսաթախտի վրա։

Բժշկապետը մանրամասնաբար պատմեց, թե որպես նա գտել էր հիվանդին, նկարագրեց նրա դրությունը, հայտնեց այն խոսքերն, որ լսել էր մայրապետից, և վերջացրեց յուր խոսքը նրանով, թե օրիորդի հիվանդության պատճառը նա գտնում էր մի բարոյական հարվածքի մեջ։

Բոլոր այդ խոսքերը լսելու միջոցին երիտասարդի դեմքի արտահայտությունները բացատրում էին խորին ցավակցական համազգացություն։ Նրա աչքերի մեջ նկարված էր հուսահատության դառն կսկիծը։