Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ, սկսեց այնուհետև խաղ առնել հարյուր հազարների հետ... և շուտով տեր դարձավ քաղաքի նշանավոր մասներում հոյակապ տների, լծեց փառավոր կառք և սկսավ վայելել յուր բախտը...

«Նրա կինը համարյա մի ձու էր յուր ամուսնու հետ կես կիսած։ Նախախնամությունն, անգիտելի է, թե ինչ նպատակով շատ անգամ այդպիսի երկու համամիտ և համակամ բնավորությունները լծորդում է միմյանց հետ։ Նա այն ազդեցություն ունեցող կնիկներից մինն էր, որոնց ներգործությունը մեծ նշանակություն ունի զանազան մարդերի ճակատագրի վրա։ Այդպիսի կանայք, որոնք կառավարում են նշանավոր պաշտոնակալների սանձը, միշտ եղել են և լինում են մեծամեծ փոփոխությունների պատճառներ և կարծես, հսկում են մարդերի բախտավորության և անբախտության վրա։— Այդպես էր օրիորդի մայրը։ Նա կատարում էր մի երևելի միջնորդի դեր ոչ միայն հասարակական կյանքում, այլև նշանավոր գերդաստանների ընտանեկան շրջանի մեջ. ում աղջիկը պետք էր մարդու տալ, որ տղամարդն ամուսին լինելու միտք ուներ, նա խառն էր դրանց պայմանների մեջ, և այդպիսի դեպքերում այնքան առատ էր նրա հունձքն, որքան թույլ էր տալիս յուր մանգաղը...

«Չնայելով այդ բոլոր ասածներիս, այդ երկու ամուսիններն այն ջերմեռանդ քրիստոնյաներից էին, որոնք ժողովրդի մեջ ունեն մեծ համարում իրանց բարեպաշտության համար։ Նրանք չէին լուծում ոչ միայն շաբաթական պասերն, այլև օրականները, նրանք իրանց որդիների հիվանդ լինելու ժամանակ «խեչեմեն» է, ասելով, տանում էին մի ուխտատեղի, որ առողջանա, կրոնական բոլոր տոները կատարում էին սրբությամբ. ամեն կյուրակե եկեղեցի էին գնում, որ պատարագ տեսնեն, քահանաներին պատվում էին և նրանց առատ աջահամբույր էին տալիս, մի խոսքով, նրանք ունեին բարի քրիստոնյայի բոլոր արտաքին հատկությունները... Նրանց այդպիսի մի կրոնական ջերմեռանդությունը պսակվեցավ ավելի մի բարձր և վսեմ զոհաբերությամբ, այն է, որ նրանք իրանց զավակը նվիրեցին կուսակրոնության։

«Օրիորդ Սոնան— այդպես է այն հիվանդի անունը— դեռ յուր մոր արգանդումն էր, երբ նրա ծնողները ուխտեցին եթե ծնունդն արու լինի՝ մի վանքում տալ ճգնավոր լինելու համար, իսկ եթե աղջիկ լինի՝ կուսանոցը նվիրել սուրբ աստվածածնին աղախին դառնալու։

«Այդ մե՛ծ զոհաբերությունը մինչ այն աստիճան բարձրացրեց