Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ուխտյալ միանձնուհու» ծնողաց փառքն, որ ոչ մի մարդ առանց պատվելու չէր խոսում նրանց վրա։

«Ահա՛ այդպիսի քրիստոնյաներից գոյություն է առել այն օրիորդն, որի արկածքը ստիպված եմ պատմել ձեզ, պատվելի բժշկապետ։ Օրիորդ Սոնան յուր պատանեկությունն անցուցել է ծնողների երկաթի հսկողության ներքո, այլ խոսքով, նա յուր մանկությունից պատրաստվել է կույս դառնալու համար։ Ընտանեկան փակ շրջանը միշտ ունեցել է նրա համար խավար բանտի նշանակություն։ Մինչև յուր տասն և չորս տարեկան հասակն ոչինչ չէ ուսել նա, որովհետև ո՛չ վարժատուն ուղարկել են նրան և ո՛չ ունեցել է տնային ուսուցիչ։ Հետո հրավիրվում է նրանց գերդաստանում մի աղքատ ուսանող որպես վարժապետ։ Թեև չնչին ռոճիկով, այսուամենայնիվ այդ պարոնը հանձն առավ այդ պաշտոնն, այն հույսով, որ մի օր յուր բարերարների- օրիորդի ծնողաց- շնորհիվ գուցե բաց կաներ յուր համար մի ասպարեզ։ Այդ հույսով իսկ հրապուրել էին նրան... Թեև այդ ակնկալությունը չիրագործվեցավ, բայց վարժապետը դարձյալ գոհ էր յուր պաշտոնից, գտնելով մի աշակերտուհի, որ յուր ընդունակության հետ ուներ աննման գեղեցկություն և հրեշտակային բնավորություն։

«Վարժապետը դրսեցի էր, այն քաղաքում և բնակվում էր նրանց տան մեջ։ Դասերը շարունակվում էին խիստ եռանդով։ Փոքր ժամանակում երևեցավ նշանավոր հառաջադիմություն օրիորդի մեջ։ Վարժապետը բնագետ էր։ Նա աշխատում էր զարգացնել յուր աշակերտուհու միտքը դրական գիտությունների ընդհանուր տարերքին ծանոթացնելով։ Մայրենի լեզվի սերն այնքան շուտ զարթեցրեց նրա մեջ, մինչ օրիորդն ոչ միայն գեղեցիկ հայերեն էր խոսում, այլ բավականին մշակված լեզվով կարողանում էր գրել և թարգմանել։

«Մի փակ ընտանեկան շրջանում վայրենացած աղջիկ, որպես էր օրիորդ Սոնան, դառնում է ազատամիտ և համարձակ։ Չնայելով այդ նշանավոր փոփոխությանը, նրա ծնողները դարձյալ վարվում էին նրա հետ, որպես մի կույսի հետ։ Օրինակի համար, նրան արգելում էին առանց մորը տանից դուրս գալ, մի տեղ հյուր գնալ, կամ հրապարակական զբոսարանները հաճախել, արգելում էին իրանց մոտ եկած հյուրերի հետ տեսնվել, մանավանդ երբ որ նրանք երիտասարդներ էին։ Այդ խստությունները մինչև այն աստիճան վշտացնում էին օրիորդի անձնիշխանությունն, որ նա երբեք ուրախ չէր լինում։ Նա յուր հայրենական օջախի մեջ զգում