Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մի երեկո, երբ արևը դեռ նոր էր մտնում, օրիորդի մայրը հրավիրվեցավ յուր ծանոթներից լոտո խաղալու։ Նա կամեցավ Սոնային յուր հետ տանել։ Բայց օրիորդը հրաժարվեցավ, պատճառելով, թե գլուխը ցավում էր։ Մայրը թողեց նրան տանը, հրամայելով, որ քնե հանգստանալու համար։

«Նրանց տան պարտիզումը կար մի հովանոց, հյուսած պատատուկների կենդանի ճյուղերից։ Նա շրջապատված էր հազվագյուտ ծաղիկներով և մի քանի սաղարթախիտ ծառեր տարածել էին նրա վրա իրանց անթափանցիկ ստվերը։ Օրիորդն յուր վարժապետի հետ առանձնացան այնտեղ, հրամայելով տալ երեկոյան թեյն։

«Արևի վերջալույսը ձգել էր հովանոցի մեջ ոսկի ժապավեններով մի քանի ծիրանի շողքեր, նրանք տալիս էին այդ կանաչազարդ առանձնարանին կախարդական բնավորություն։ Սոնայի դեմքն ավելի գեղեցիկ փայլում էր այդ լուսի առջև։ Նրա սևորակ աչքերում նույն րոպեին նկարված էր սրբազան ոգևորություն...

«Օրիորդը միշտ աչքերը ցած էր թողնում, երբ վարժապետն ուղղակի նայում էր նրա երեսին և ձայնը զգալի կերպով դողում էր խոսելու ժամանակ։ Երևում էր, նրա սրտում հուզվում էր ներքին մրրիկը...

«Շուտով մերկացավ խորհրդական վարագույրը։

«Վարժապետը ստացել էր հրավեր, որով առաջարկում էին նրան մի շահավետ տեղ գավառական մի դպրոցում։ Այդ բանն իմացել էր օրիորդը։ Մոր բացակայությունն առիթ տվեց նրան խոսել այդ առարկայի մասին, որով նա շատ անհանգիստ էր։

— Ես լսեցի, որ ամառանոցից դառնալուց հետո դուք նպատակ ունիք հեռանալ մեզանից,— հարցրուց նա։

— Այո,— պատասխանեց վարժապետն անվճռական կերպով։

Օրիորդի դեմքի վրա վազեց անբացատրելի սոսկում։

— Եվ դուք շուտով չպե՞տք է վերադառնաք,— կրկնեց նա։

— Չգիտեմ... կարելի է ամենևին չվերադառնամ,— պատասխանեց վարժապետը տխրությամբ։

Օրիորդի աչքերը վառվեցան մի անսովոր կրակով։

— Ո՛չ, այդ անկարելի է,— կոչեց նա,— ես չեմ թող տալ ձեզ որ հեռանաք։

Այնպիսի մի ազդու կերպով արտասանեց նա այդ խոսքերն, որ լի էին սրտի բոլոր զգացմունքներով...

— Դուք կզրկեք ինձ հացից, օրիորդ,— ասաց վարժապետը