Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զ

«Սեպտեմբերի վերջին շաբաթները մոտեցել էին։ Ցուրտն օրըստօրե դառնում էր զգալի, երկինքը թխպոտում էր և օրերն անցնում էին մռայլոտ և անձրևաբեր։

«Ամառանոցի կյանքը կորցրեց յուր վայելչությունը։

«Մենք վերադարձանք քաղաք։

«Ես միշտ սպասում էի, որ տիկինը վերջին անցքից հետո ինձանից բացատրություններ կպահանջե, բայց նա միշտ լուռ էր և այդ խորհրդավոր լռության մեջ ծածկված էր մի սարսափելի խորամանկություն։ Հին վարպետուհին արդեն զինվորված էր հնարագիտության բոլոր զենքերով, զենքերով, որոնք պետք է խորտակեին և ոչնչացնեին իմ և Սոնայի բախտը...

«Տիկինն այնքան համբերող էր, որ ոչինչ չհայտնեց յուր ամուսնուն իմ և Սոնայի սիրահարությանց մասին։ Եվ ես ու օրիորդը մեր կողմից այնքան համարձակություն չունեցանք պարզապես խոստովանելու տիկնոջ ամուսնուն մեր սերը։ Ի՞նչ պետք էր արած։ Իմ դրությունը հետզհետե դառնում էր անտանելի։ Այդ տանջանքից ազատվելու հնարը գտա միայն վարժապետությունիցս հրաժարական տալու մեջ։ Թեև այդ խիստ ցավալի ներգործություն ունեցավ Սոնայի վրա, բայց ուրիշ ճար չկար, ես պետք է հեռանայի նրանից, պետք է հեռանայի, գուցե կարողանայի ազատվել նրա մոր որոգայթներից...

«Ես չմոռացա Սոնային և մոռանալ ևս կարող չէի, որովհետև նրա սիրո հետ կապված էր իմ կենդանությունը։ Բայց ցավալին այն էր, որ օրիորդն այնուհետև եղավ ինձ անմատչելի, ես այլևս նրան տեսնել չկարողացա։

«Ամբողջ մի քանի շաբաթ ես նրանից տեղեկություն չունեի։ Իմ անհանգստությանը չափ չկար։ Ամեն օր անցնում էի այն լուսամուտի առջևից, որտեղից օրիորդը սովորաբար դեպի փողոցը նայել կսիրեր, բայց մի անգամ ևս չկարողացա տեսնել նրան։

«Իմ մտատանջությունն ավելի սաստկանում էր, ես հավատացրի ինձ, թե նա անպատճառ հիվանդացած պետք է լինի։ Բայց որքան ուրախացա, երբ մի օր օրիորդի սպասուհին ինձ մոտ եկավ։ Առաջին հարցմունքն, որ արեցի նրանից, էր Սոնայի առողջության մասին։ Սպասուհին փոխանակ պատասխանելու, տվեց ինձ մի նամակ։ Դա նրա գրածն էր։ Ես երեխայի նման սկսեցի ուրախանալ։ Աղախինը զարմանալով նայում էր ինձ վրա։