Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Անհամբերությամբ աչքերս վազեցրի նամակի տողերի վրա, հանկարծ սարսափեցա, իմ բոլոր ուշադրությունը տրտմության փոխվեցավ։

«Ես ինձ հետ չունեմ այն գուժաբեր նամակը, պարոն բժշկապետ, բայց մինչև այսօր, գուցե մինչև մահ նրա ամեն մի տողն անգամ ես չեմ մոռանա...

«Օրիորդը ցավալի կերպով նկարագրում էր այն դառն կսկիծն, որ պատճառեց նրան իմ բացակայությունն։ Ավելացնում էր, որ բացի ինձանից ուրիշ մխիթարություն չունի, խիստ զգալի խոսքերով արտահայտում էր յուր սերը դեպի ինձ, և վերջ ի վերջո հայտնում էր, թե նրան սպառնում է մի մոտավոր վտանգ, որ կարող էր մեզ հավիտյան բաժանել միմյանցից...

«Ես բոլորովին մարեցա վերջին տողերը կարդալու միջոցին, իմ թևքերը թուլացան և նամակն ընկավ իմ ձեռքից։

«Քառորդ ժամից հետո, երբ մի փոքր ուժ ստացա, կրկին վեր առա նամակը, կրկին կարդացի, կարծելով, թե իմ աչքերը խաբում էին ինձ։ Եվ հիրավի, նամակի մեջ թողել էի մի քանի տողեր։ Այն տողերի իմաստն ամբողջապես կհաղորդեմ ձեզ, պարոն բժշկապետ։— «Ա՛յս գիշեր, ա՛յս գիշեր,— գրում էր նա,— տասներկու ժամին ես կսպասեմ քեզ իմ սենյակում, ե՛կ, ազատի՛ր ինձ, աղախինս կառաջնորդե քեզ, եթե մի փոքր ուշանաս, եթե այս գիշեր չտեսնվինք, ես հավիտյան կորած եմ քեզ համար»․․․։

«Իմ սարսափը մի փոքր մեղմացավ այն հուսով, որ ես կրկին պետք է տեսնեի Սոնային։ Նրա սպասուհի աղջկա հետ բոլոր պայմանները կապեցինք, որոշեցինք տեղն, ուր կարող էինք հանդիպել միմյանց։ Նա հեռացավ, ես անհամբերությամբ սպասում էի նշանակյալ ժամին»։


Է

«Տասներկու ժամին քառորդ մնացած աղախինն ինձ սպասում էր իրանց տան անկյունումը։ Ես գտա նրան բոլորովին ծպտյալ հագուստով։ Դռների բանալիներն յուր հետ ուներ։ Նա շատ զգուշությամբ ինձ ներս տարավ։ Այդ բնակարանի բոլոր մուտքերն այնքան ծանոթ էին ինձ, մինչ ես խավարի մեջ գնում էի առանց վրիպելու։ Վերջապես Սոնայի քնարանի դռանը հասա։ Ես իմ մեջ այնքան ուժ չէի զգում նրան հանդիպելու, երբ երկու քնքուշ թևքեր