Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փաթաթվեցան իմ վզով։ Գիշերային ոգին ընկավ իմ գիրկն, նա յուր սենյակի դռանը հսկում էր իմ գալստյանը։

«Մենք ներս մտանք։ Սոնայի քնարանը լուսավորված էր խիստ աղոտ լուսով։

«Իմ լեզուն, պարոն բժշկապետ, չէ գտնում այն կենդանի բառերն, որ կարողանամ նկարագրել այն բախտավոր րոպեն, երբ մյուս անգամ սիրուհիս իմ գրկումը գտա.— լաց, արտասուք, համբույր, ծիծաղ, բոլորը մի քանի վայրկյանում միախառնվեցան միմյանց հետ...

«Ամբողջ ամիս էր, որ ես չէի տեսել Սոնային, այդ միջոցում այնքան մաշվել էր նա, կարծես դեռ նոր էր բաժանվել հիվանդության մահճից։

—«Դու անգութ ես, Օսեփ,— ասաց նա,— դու ինձ հավիտյան կկորցնեիր, եթե ես կանչած չլինեի քեզ։

«Այդ խոսքերն արտասանեց նա այնպիսի մի ցավակցությամբ, որ կրակի պես այրեցին իմ սիրտն։ Ես նայեցա նրա վրա, նրա դեմքը գունատ էր որպես մարմարիոն, և արտասուքով լցված աչքերը ներկայացնում էին տխրության ամբողջ մի օվկիանոս..․

«Ես ոչինչ բառեր չգտա նրան պատասխանելու, միայն ապշած նայում էի նրա վրա և նրա փափուկ ձեռքերը թրջում էի իմ արտասուքով։

— «Ժամանակը խիստ թանկ է մեզ, Օսեփ,— ընդհատեց օրիորդը մեր մեջ տիրող լռությունն,— ես շատ բաներ ունեմ քեզ պատմելու, խոսենք այժմ մեր վիճակի վրա։

«Ես պատրաստվեցա նրան լսել։ Մինչև այսօր իմ աչքի առջևն է նրա տխրամած և վշտահար դեմքը, թե որպիսի ցավալի կերպով նա պատմում էր բոլոր անցածն ամառանոցից դառնալուց հետո։

«Քn հեռանալուց հետո,— ասաց օրիորդը,— մայրս և հայրս ունեին առանձնակի խոսակցություններ, որոնք շատ անգամ նրանց մեջ հասնում էին տաք վիճաբանության։ Այդ տևեց մի քանի օր։ Վերջապես ես նկատեցի, որ նրանք հաշտվեցան։ Երևում էր, հաղթանակը մնաց հորս կողմը, որովհետև նրանից հետո ես գտնում էի նրան սովորականից ավելի ուրախ։ Այդ գաղտնիքն ինձ բոլորովին հայտնի եղավ, երբ մի օր հայրս ինձ յուր մոտ կանչեց։ Այնտեղ ներկա էր և մայրս։ «Սոնա, ասաց նա ինձ խիստ ծանր կերպով, դու գիտես որքան ես սիրում եմ քեզ, որքան մի հայր կսիրե յուր զավակը։ Բայց մենք ունենք և մի ավելի բարձր սեր դեպի աստված, որ քո և մեր ամենի ստեղծողն է։ Մեր պարտավորությունների