Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարումը դեպի նա, բոլոր մարդկային պարտավորություններից ամենասրբազանն է։ Լսի՛ր, Սոնա, այժմ ես ստիպված եմ քեզ հայտնել մի ընտանեկան գաղտնիք, որ մինչև այսօր քեզանից ծածուկ մնացած է։ Մայրդ քո ծննդյան ժամանակ ամենասաստիկ երկանց մեջ ընկավ։ Քաղաքիս բոլոր բժիշկները չէ կարողացան ազատել նրան։ Վերջապես նա յուր հույսն աստուծո վրա դրեց և ուխտեց նրա առջև՝ եթե ծնունդն արու կլինի նա խոստացավ մի վանքում ճգնավորության նվիրել, իսկ եթե աղջիկ կլինի, խոստացավ կուսանոցն ընծայել նրան, որ սուրբ աստվածածնին աղախին դառնա։ Այդ ուխտը լսելի եղավ աստուծո աթոռի մոտ և մայրդ ազատվեցավ։ Այժմ, սիրելի Սոնա, կատարե քո որդիական պարտավորությունն և ազատիր մորդ հոգին այդ մեծ և ծանր պատասխանատվությունից»։

«Վերջին խոսքերն, ասաց օրիորդն, ինձ վրա այլևս լսելու ուժ չթողեցին, ես փաթաթվեցա հորս ոտքերով և սկսեցի իմ արտասուքով թրջել նրանց։ Երկար նա աշխատում էր հեռացնել և մխիթարել ինձ, բայց հնարք չեղավ։ «Ես սիրահարված եմ, ասացի նրան, իմ սիրտն ինձ չէ պատկանում, ես սիրում եմ Օսեփին։

«Մայրս, շարունակեց օրիորդը, քարե արձանի նման նայում էր այդ տեսարանին, մայրական սերը կարծես բոլորովին մեռած էր նրա սրտի մեջ։ Հայրս ամենևին ուշադրություն չդարձրեց իմ արտասուք ու լացին, նրա մեջ ծնողական թե գութ, թե խիղճ — բոլորը հանգած էին... Երբ նա տեսավ յուր խրատներով չկարողացավ համոզել ինձ, բացարձակ հրաման արավ— «Քп ժամանակը լրացած է, դու պետք է կուսանոց գնաս»։

«Սարսափելով լսում էի ես օրիորդի խոսքերը և երևակայել չէի կարող մի այդպիսի բարբարոսություն։

«Այժմ ինչ պետք է արած, սիրելի Սոնա,— հարց արի նրանից, երբ նա մի փոքր հանգստացավ յուր խռովությունից, որ պատճաոել էր նրան յուր ցավալի պատմությունը։

— «Ես չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ, Օսեփ, ես բոլորովին շփոթված եմ, ես կմեռնեմ, եթե ինձ կուսանոց տանեն, ազատի՝ր ինձ, ասում էր նա դառն կերպով լաց լինելով։

— «Ես էլ չգիտեի, թե ինչ պետք էր անել, գնալ հոր մոտ, հայտնել նրան մեր սերը և աղաչել, որ փոխե մի այդպիսի բարբարոսական վճիռն, անկարելի էր, որովհետև ինձ հայտնի էր նրա խստասրտությունը։ Գնալ մոր մոտ և մի կերպով գրավել նրան, որ չանե այդ բանը, դա նույնպես մի հուսալի վախճան չէր խոստանում։