Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկար մտատանջությունից հետո ես ասեցի օրիորդին`

— «Ինչ որ առաջարկելու լինեմ, կընդունե՞ս։

— «Կընդունեմ, կընդունեմ,— պատասխանեց նա զգալի կերպով,— միայն ինչ որ ասելու ես, շուտ ասա, ինչ որ անելու ես շուտ արա. ինձ ազատիր, եթե ոչ երկուշաբթի օրն ես կուսանոցում կլինեմ։

«Ժամանակը խիստ կարճ էր, քանի օր միայն մնում էր մինչև երկուշաբթին։ Ես առաջարկեցի օրիորդին նրա ազատության վերջին և ծայրահեղ հնարը։

«Մենք պետք է փախչենք, Սոնա, ուրիշ ճար չկա,— ասացի նրան։

— «Փախչենք,— կրկնեց նա,— ուր որ գնաս, քեզ հետ կգամ, մինչև աշխարհի ծայրը։

«Վերջին խոսքերն այնպիսի մի կրքով արտասանեց նա, որ օրիորդի աչքերում ես նկատեցի վրեժխնդրության բոցեր։ Երբեք չէի տեսել ես Սոնային այնպես անձնավստահ և վճռական, որպես այն րոպեին։ Կանացի տկարությունները, կարծես, կորուսել էին նրա մեջ իրանց թուլությունները, և նա ոգևորված էր մի վսեմ քաջասրտությունով, փշրելու և ջախջախելու շղթաներն, որոնք բռնաբարում են ընտանեկան ազատությունը և իրավունքը։

«Մեր մեջ ամեն պայման վերջացած էր, մենք որոշեցինք օրը, ժամը, երբ պետք է կատարվեր մեր փախուստը։ Լուսաբացին ես հեռացա Սոնայի քնարանից։

«Բայց մենք շատ անփորձ էինք, մեզ չհաջողվեցավ այդ բախտը։ Միևնույն գիշերը լրտեսեցին մեր բոլոր գաղտնիքը և Սոնան նշանակյալ օրը կուսանոց տարվեցավ, իսկ մնացյալը ձեզ արդեն հայտնի է, պարոն բժշկապետ»...։

Ը

Երիտասարդն ավարտեց յուր պատմությունը։ Բժշկապետն, որ ցավակցելով լսում էր նրան, բռնեց Արեսյանի ձեռքը, ասելով.

— Շնորհակալ եմ, պարոն, ձեր պատմության համար և շատ ցավում եմ, որ այդպես պատահել է։ Ինձ տակավին հասկանալի չէ մի բան, թե ինչ էր գլխավոր շարժառիթն, որ ստիպեց օրիորդի ծնողներին նրան կուսանոցը տալ, արդյոք այն ուխտն էր, որ նրանք ուխտել էին սկզբում, թե այլ պատճառ։