Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՜, ուխտը։ Գիտե՛ք, պարոն բժշկապետ, թե ինչ նշանակություն ունի կրոնական ուխտադրությունն այնպիսի մոլեռանդների համար, որպիսի էին օրիորդ Սոնայի հայրն ու մայրը։ Այժմ ձեզ բավականին հայտնի է նրանց կեղտոտ անցյալն, իսկ նրա ներկան դարձյալ ազատ չէ նույն կեղտերից։ Այսուամենայնիվ, նրանք համարվում են բարեպաշտ քրիստոնյաներ, նրանց պատվում է ամբոխն, որպես բարեխիղճ մարդերին։ Նրանք կողոպտում են, նրանք հափշտակում են, նրանց ամեն մի արծաթը լի է հազարավոր խեղճերի արյունով և արտասուքով, բայց դրանք չեն երևում, այդպիսի չարագործությունները ծածկվում են բարեպաշտական կեղծ քողով։ Նրանք խլում են աղքատի վերջին կոպեկը և այդ փողով մոմեր են վառում սուրբ պատկերների առջև։ Նրանք հափշտակում են որբերի պատառ հացը և կերակրում են քահանաներին։ Նրանք սուտ երդումներ են անում, շողոքորթում են, բամբասում են, հայհոյում են, անեծքներ են թափում և նույն շրթունքներով աղոթում են աստուծո առջև, առանց զգալու իրանց սրտում խղճի խայթը։— Որովհետև թե առաջինն և թե վերջինն՝ երկուսն էլ նրանց սովորական բաներ են, կարծես թե, մինը մյուսին չէր արգելում։

— Բայց մի՞թե նրանք կարող էին այնպես անխիղճ լինել դեպի իրանց տղջիկը, գազաններն անգամ սիրում են իրանց ձագերին,— կտրեց բժշկապետն Արեսյանի խոսքը։

— Նախ, որ հայ ընտանիքներում աղջիկը սեփական կամք, զգացմունք չունի, նրա բոլոր գոյությունը պատկանում է ծնողներին, մանավանդ մի այդպիսի դեպքում, ուր հարցը բոլորովին կրոնական է։ Կուսանոցը նվիրել յուր դուստրը, նրա կամքին ընդդեմ, միևնույն է, որպես նրանք իրանց անասուններից մինը նվիրում են այս կամ այն ուխտատեղին զոհվելու համար։ Անասունի ողորմելի բառաչմունքն ոչինչ արգելք չէ կարող դնել նրա տիրոջ բարեպաշտական նպատակին, մանավանդ երբ մի այդպիսի վարմունքը շահում էր ամբոխի համակրությունը։

— Այժմ բոլորը հասկացա,— պատասխանեց բժշկապետը զարմանքով գլուխը շարժելով,— սարսափելի մի զո՜հ, որ անագորույն հայրն նվիրում է յուր սնահավատությանը...

— Դուք բոլորը հասկացաք, պարոն բժշկապետ,— կրկնեց Արեսյանը,— բայց ես աշխարհի բոլոր անբախտներից թշվառագույնը կլինեմ, եթե օրիորդը չապրե։

— Այժմ պետք է մտածել նրա համար,— խոսեց բժշկապետը