Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանգնելով, և նայեց ժամացույցին, ասելով.— դեռ տասներկուսը կա, դուք կարո՞ղ եք ինձ առաջնորդել մինչև հիվանդի հոր տունը — դարձավ նա դեպի Արեսյանը։

— Մեծ ուրախությամբ,— պատասխանեց երիտասարդը։

— Ուրեմն գնանք։

Քառորդ ժամից հետո կառքը կանգնեց մի հոյակապ տան հանդեպ։ Բժշկապետը թողեց երիտասարդին կառքի մեջ, ինքը տան վայր իջավ և սկսավ քաշել դռան զանգակը։ Քանի րոպեից հետո բժշկապետը ներս ընդունվեցավ։ Շքեղազարդ դահլիճներից անցավ նա մինչև տանտիրոջ առանձնասենյակը։ Նա նստած նույն ժամուն քրքրում էր յուր հաշվագրքերը։ Տեսնելով յուր հյուրը, նրա վայրենի դեմքն ընդունեց մի կեղծյալ ժպիտ և խիստ քաղաքավարի կերպով խնդրեց նստել։

Մի քանի գծերով կարելի է այդպես նկարել այդ գազանի պատկերը.— նա մի հաստ մսեղեն կոթողի նման մարդ էր։ Խնամքով ածիլած ուռած թշերը խոշոր ծալքերով միախառնվել էին դուրս ցցված ծնոտի հետ։ Մեծ քիթն, որպես սովորաբար լինում են հայերի քթերն, յուր պատվավոր տեղն էր բռնել, իջանելով մինչև նրա ալեխառն բեղերն, որոնք ծածկել էին նրա գորշ-կապտագույն շրթունքը։ Սև աչքերի մեջ վառվում էր վայրենի կրակ։ Առհասարակ նրա բոլոր կերպարանքը ներկված էր թուխ—դեղնագույն րանգով, որ տալիս էր նրա դեմքին ավելի սարսափելի բնավորություն։ Նենգավորության կնիքը դրած էր նրա ճակատի վրա։

Բժշկապետն առանց սպասելու հայտնեց յուր ով լինելն, ասաց, թե որպես նա գտնվել էր կուսանոցում և ինչ դրության մեջ գտել էր նրա աղջկան, մանրամասնաբար պատմեց բոլոր յուր լսածներն Արեսյան երիտասարդից։

Հիվանդի հայրն այդ բոլորը լսում էր, անհնարին սառնարտությամբ յուր ձեռքերը տրորելով։ Միայն երբեմն նրա վայրենի դեմքի վրա երևում էին անախորժ ցնցումներ, որոնք արտահայտում էին ներքին պատերազմը...

Բժշկապետն յուր պատմությունը վերջացրեց այդ խոսքերով.— Ես իբրև բժիշկ սուրբ պարտավորություն եմ համարում հայտնել ձեզ, պատվելի պարոն, որ դուք առանց ժամանակ կորցնելու պետք է հանեք ձեր աղջիկը կուսանոցից և անհապաղ ձեր տուն բերեք, ուր հույս ունեմ, որ կառողջանա նա, այնուհետև նրան յուր սիրած տղամարդուն տաք։

Մի քանի րոպե հիվանդի հայրը մնաց անորոշ դրության մեջ։