Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՏՆԱՅԻՆ ՓԵՍԱ






Ա

Գարնան թարմ և փափուկ երեկոներից մինն էր։ Արևի վերջին ճառագայթները դեռ ոսկեզօծում էին Կազբեկի ձյունապատ գագաթը։ Ժամատներից լսելի էին լինում մեղմ-բարեպաշտական հնչումները զանգահարության։ Հավլաբարի պառավ կնանիքը ծածկված իրանց սպիտակ չարսավներով, շտապում էին աղոթելու։

Նույն ժամուն Դուրկալենց Շուշանը, թևքերը ծալած, կաբայի փեշքերը գոտկումը խրած, լվացքի լագանը ձեռին, դուրս եկավ յուր փոքրիկ տնակի դռանը, և նայելով յուր չորս կողմն, երբ տեսավ անցնող չկա, շուռ տվավ լագանն յուր դռան առջև և սապնախառն ջուրը սպիտակ պղպջակներով անհետացավ փոշիներով պատած գետնի մեջ։

Փողոցի մյուս ծայրից երևեցավ պառավ Մաքթաղը, ձեռին բռնած մի քանի հատ մոմ։ Նա յուր հետ բերում էր յուր ջուխտակ թոռնիկներն, որոնց ամեն մինը նույնպես բռնած ունեին մի֊մի հատ փոքրիկ մոմեր։

— Ո՞ւր ես էդենց շտապով գնում, Մաքթաղ ջան,— հարցրուց նրանից Շուշանը, լագանը դնելով գետին։

— Փեթխաինն իմ գնում, Շուշան ջան, օղորմած կենա, գնում իմ համբուրելու,— պատասխանեց Մաքթաղը ջերմեռանդությամբ։

— Էրնե՜կ քիզ, Մաքթաղ, վուր վուխտ ունիս համբուրելու, ես կի՛ մեր սուրբ Մինասն էլ չիմ կանացի գնա։

Վերջին խոսքը չդուր եկավ Մաքթաղին, և նա զարմանալով