Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուշանը ձևացրուց դժգոհության նշաններ,— Ի՞նչ մուրազ, ինչե՞ր ես խոսում, Մաքթաղ,— խոսեց նա երեսը շուռ տալով։

— Գանա չիմ գիտի վուր ուզում իս Նատոյիդ էն տղին տա, վուր տանու-փեսա[1] շինիս։

— Չէ', խաչը գիտենա։

Մաքթաղը շարունակեց յուր ճանապարհը ասելով,— ինձ Զիկլոինց Մաքթաղ կոսին, Մաքթա՛ղ, չի՞ս գիտի վուր ծտերն ինձ համա խաբար ին բերում։

Շուշանը ոչինչ չպատասխանեց, մտավ տունը։

Բ

Մի նեղ բակ երկու փոքրիկ սենյակներով, շրջապատած տախտակամածով, ներկայացնում էր այն տնակն, ուր ներս մտավ Շուշանը։ Այդ բնակարանը նրան չէ պատկանում, այլ վարձած էր խիստ թեթև ամսականով։

Բակի մի անկյունում ուրագը ձեռին գործում էր մի հյուսն։ Նա կամ տաշում էր, կամ մեխում էր և հարմարեցնում էր տախտակները։ Նայելով նրա ձյունի պես սպիտակ մազերին' նրան կարելի էր համարել վաթսուն տարեկան ալևոր, բայց մարմնով նա տակավին առողջ էր, ժիր և գործունյա։ Նրա երեսի խոշոր գծագրությունն՝ յուր տխուր արտահայտություններով՝ բոլորովին համապատասխանում էր յուր կոշտ արհեստին։— Նա դագաղ շինող էր։

Ուստա Գրիգորն — այդպես էր նրա անունը — Շուշանի ամուսինն էր։ Նրա մոտ անհամբեր դեմքով կանգնած էր մի մշեցի համալ հսկայական հասակով և շտապեցնում էր շուտ վերջացնել դագաղը։

— Հավա՜ր, բաբոք թեզ արա', խըլսուն է, տասը քափեկս կկորի,— անդադար կրկնում էր մշեցին յուր հայրենական բարբառով։

— Հե՜յ, Թոմաս աղա, դու թե չմեռնեիր, մշեցին չէր կարող տանել քո տասը կոպեկը...— բացականչեց հյուսնը շարունակնլով յուր գործը։

  1. Տանու֊փեսա նշանակում է «տնային փեսա», այդպես կոչվում են այն փեսաները, որոնք պսակվելուց հետո ապրում են յուրյանը աներոջ տան մեջ։