Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ փառքը հարուստներին է, որդի, նրանք մեզ նման աղքատներից խլած փողերով իրանց դագաղն են զարդարում...

— Կրո՜ղը տանե նրանց, ի՞նչու են էդպես անում։

— Որ էն կինքումը սատանաները հոտ քաշեն։

— Ով գիտի, ուրախանում կլինեն սատանաներն, երբ որ էդ ծաղիկները կտեսնեն. էնպես չէ՞, հայրիկ,— հարցրուց Նատոն ինքն ևս մի աոանձին ուրախությամբ նայելով նրանց շքեղության վրա։

—Էդ բոլորը կէրեն դժոխքումը,— պատասխանեց հայրը:

—Վա՛յ, կէրե՞ն... — կրկնեց Նատոն սարսափելով:

— Բա՛ս, էրում են երբ որ դագաղը հարամ փողով է շինվում,— վերջացրեց ծերունին։

— Երբ որ հալալ փողով է շինվում, էն ժամանակ ի՞նչ են անում։

—Սուս կա՛ց, Նատո, շատ բան որ սորվես, շուտ կպառվես, — ասաց նրան հայրը շարունակելով յուր գործը:

Նատոն լռեց, և առնելով մի փոքրիկ մուրճ, սկսեց օզնել յուր հորը։

Գ

Օրը կիրակի էր։ Արեգակի ճառագայթներն ուրախ ժպիտով խաղում էին Շուշանի տան կոտրատված ապակիների հետ: Վաղորդյան զեփյուռը ծավալվում էր փափուկ և հովասուն թարմությամբ։

Մանկահասակ աղջիկները, զարդարված տոնական հագուստով, որը կանգնած էր իրանց դռան շեմքի վրա՝ գաղտուկ նայում էր փողոցում անցուդարձ անողներին, ժպտում էր և թաքցնում էր յուր գլուխն, երբ որ մի տղամարդ էր գալիս։ Որը՝ դեռ չէր հեռացել հայելուց, կոկում էր յուր դեմքը և զարդարում էր իրան: Ոմանք՝ հավաքելով իրանց կտուրների վրա, կամ նեղ բակերի մեջ՝ մի խումբ մեծ և փոքր աղջիկներ, դայիրա և դիպիլիպիտոն էին ածում, տաշի խփում և հերթով պար էին գալիս։ Ամեն տեղ տիրում էր ուրախություն, լսելի էին լինում ծիծաղ և հանաքներ: Իսկ Նատոն միայնակ և լուռ նստած էր յուր փոքրիկ սենյակում, նրա տխրամած դեմքր չէր ցույց տալիս ոչինչ ուրախություն։