Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույն միջոցին ժամիցը ետ դարձավ նրա մայրը, Շուշանը, և տալով աղջկան մի պատառ նշխարք, ասաց.

— Վա՛, աղջի, ջեր շուրերդ չե՞ս հագի։

— Է՜հ, ինչի համար հագնեմ...— պատասխանեց օրիորդն երեսը շրջելով:

— Դու էլի լացել ես, աչքերդ կարմրել են:

— Չեմ լաց էլի, գլուխս է ցավում:

— Հիմա էլ աչքերումդ արտասուք կա, ի՞նչու ես ինձ խաբում:

— Չեմ գիտում...— պատասխանեց օրիորդը տխրությամբ։

— Էլի իծանիրդ մո՞տ ին էլի։

Նատոն ոչինչ չպատասխանեց և կամենում էր սենյակից դուրս գնար:

— Արի՛ չարսավս ա՛ռ,— կանչեց նրա մայրր։

Նատոն առեց չարսավը, ծալեց մի կողմ դրեց և սկսավ մոր համար թեյ ածել: Շուշանը նստած էր փոքրիկ տախտի վրա լուսամուտի հանդեպ:

— Զումշուդ—բեկը էսօր չէ՞ եկել,— հարցրուց նա։

Այդպես կոչվում էր նրանց ղարաբաղցի փեսացուի անունը։ Իսկ Նատոն փոխանակ ուղղակի պատասխանելու հարցրուց.

— Դեդի, ինչկլի ե՞փ էդ տղեն միր տուն պիտի գա ու գնա։

— Հուղե՜մ քու տուտուց գլուխը,— պատասխանեց Շուշանը հեգնական ժպիտով. միթոմ դու ուրախ չե՜ս վուր նա գալիս ու գնում է...

— Ի՜նչ ունիմ ուրախանալու... հարևաններն ինչ ասիս ինձ վրա ին ասում... ամենի բերնի՛ մաստաքն ես իմ դառի...

— Նրանց աչքն էլ տրաքի՛,— բարկանալով պատասխանեց Շուշանը:

Այդ խոսակցությանը վրա հասավ ուստա Գրիգորը։— Լավ ես ասում, ա՛ կնիկ, ախար բանը բանի նման չէ, է՛, հարևաններն ի՛նչ մեղք ունեն, որ բամբասում են...

Շուշանն ավելի բարկանալով կտրեց ամուսնի խոսքը.

— Ա՛ մարդ, էդ քու խելքի բանը չէ՛, ծիտը ձլիվ մե ղափասի մեջն իմ ձգել, հիմի դուն ուզում իս թռցնի՞...

— Դուն դեդի,— մեջ մտավ Նատոն արտասուքը սրբելով,— դուն իմ բողազը պիտիս դուս կտրի, վունց որ տեհնում եմ...

Օրիորդը էլ չսպասեց պատասխանի, սենյակից դուրս եկավ։

— Իմ հոգին գիտենա, դրուստ է ասում Նատոն,— ասաց ուստա Գրիգորն աղջկա դուրս գնալուց հետո։— Ջեր չնշնած տղին