Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՌԱՋԱԲԱՆ


Հայոց ազգը` կորստաբեր ժամանակների փոթորիկների բռնությամբ արմատախիլ լինելով յուր բնիկ երկրից, երկար ու ձիգ տարիներ անտեր անտերունչ տարուբերվելով աշխարհի երեսին և որպես մի փշրված նավ կտոր-կտոր եղած,-վերջապես դադար է առնում երկրագնդի զանազան մասերում: Եվրոպա, Ասիա, Ափրիկե, այդ անգութ հյուրընկալքը, ընդունելով խղճալի գադթականքը յուրյանց ծոցում` փոխանակ հանգիստ տալու նորանց, փոխանակ սրբելու նոցա աչքերից արտասուքը, ինքյանք սկսան գազանաբար հոշոտել նոցա անդամները, ուտել նոցա միսը, ծծել սոցա արյունը և ծամել նոցա ոսկերքը․․․: Այդ ջարդուփշուր ազգից փոքրիկ մասունքներ միայն, որպես փշրանքներ մնացած այդ ճիվաղների քաղցը հարգելեն հետո, շատ ուշ, դարերի ընթացքում հազիվ սկսան մոտենալ միմյանց, միավորիլ և զգալ յուրյանց մարդկային կենդանու օյունը:

Տասնևիններորդ դարու առաջին կիսաբաժինը եղավ այդ եզեկիելյան ժամանակամիջոցը, երբ աստուծո հոգին փչեց այդ կիսամեռ ազգի վերա, և հայերը զանազան երկրներում սկսան շարժվել, կերպարանագործվիլ և երևալ յուրյանց ազգային գոյությամբ: Նոքա սկսան ոգևորվել բարոյական և իմացական զորություններով և հետևելով լուսավոր դարու ընթացքին, լուսավոր ազգերի օրինակին, աշխատեցին հալածել հայ հորիզոնից տգիտության թանձրամած խավարը: Ռուսաստանում, Թուրքիայում, Եվրոպիո այլևայլ մասերում, Հնդկաստանում հիմնվեցան դպրոցներ, կազմվեցան տպարանք, լույս ընկան լրագրներ և օրագրներ