Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Դ

Իսկ Նատոն, դուրս գալով սենյակից, երկար գլուխը ձեռքին հենած, խորին տխրության մեջ, նստած էր իրանց բակի ցածրիկ պատի հովանվո ներքև մի տախտակի վրա, երբ ներս մտավ նրանց դրացի Քեթոյի աղջիկը՝ Նինուցին։

— Ի՞նչ կու տաս, վուր ասիմ, թե ո՛ւմ վրա էիր փիքր անում,— ծիծաղելով ասաց Նինուցին և նստեց Նատոյի մոտ։

— Է՜հ, Նինուցի, էրնե՛կ քիզ, վուր դարդ չունես, ու էդպես կանացիլ իս ծիծաղել,— խոսեց Նատոն գլուխը բարձրացնելով։

— Ե՞ս դարդ չունեմ... դո՛ւն չիս պիտի ունենա, դո՛ւն...

— Ի՞նչի։

— Նրա համար վուր Գիգոլին քիպ սիրում է։

— Ի՛նչ անիմ, վուր սիրում է... — կրկնեց Նատոն սառնությամբ։

— Էլ ի՞նչ պիտիս անի, սարսաղ, մե էնթավուր սիրուն, ջեհիլ տղեն վուր աղջկան սիրում էլի, նա էլ դա՞րդ կունենա...

— Բա՛ս չի՞ ունենա...

— Է՛հ, հուղե՜մ քու տուտուց գլուխը... ինքն էլ չի գիտի ի՛նչ է խոսում,— պատասխանեց Նինուցին քոքոլա տալով Նատոյի երեսին։

Նատոն րոպեական մտածությունից հետո պատասխանեց յուր ընկերուհուն.— Դուն փո՛ւղ ասա, փո՛ւղ, անխի՛լք, հիմա միր սիրելն ո՞վ է հարցնում...։ Հազար կուզե աղջիկը սիրե, հազար կուզե տղեն սիրե, ո՞վ է այնումը գցում։ Նրանք էնենց կու մաշվին, էնենց կու մեռնին ու իրանց սերն էնենց գերեզմանը կտանին, ու դովրը էլի փուղավորին է մնում...

— Անիծվի՛ էդենց ադաթը,— պատասխանեց Նինուցին դեմքը խոժոռելով։

Նատոն ոչինչ չպատասխանեց, նրա գունատ դեմքի վրա արտահայտվում էր սրտի բոլոր հուզմունքը։

— Ամա դուն էն ասա՛, Նատո ջան, Գիգոլին խոմ փուղ չէ ուզում,— հարցրուց Նինուցին ցավակցելով յուր ընկերուհուն։

—Գիգոլուն ո՞վ է մտիկ անում,— պատասխանեց Նատոն տխրությամբ.— խոսքը հորն ու մորն է։

— Տղեն վուր ուզում է, քա ջան, հերն ու մերն ի՞նչ դավի ունին։

— Փուղի դավի ունին, իմացա՞ր։