Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկու ընկերուհիների մեջ կրկին տիրեց լռությունը։ Նրանցից ամեն մինը մտածում էր յուր վիճակի վրա։ Երկուսն էլ պսակվելու աղջիկներ էին, երկուսն էլ փող չունեին։ (Ցավալի դրություն, երբ ամուսնական շղթան դարբնվում է արծաթի օղակներով...)։

— Էն ղարաբաղցի տղեն ի՛նչ է ուզում,— ընդհատեց Նինուցին լռությունը:

— Է՜հ թաղեմ նրա գլուխն էլ... — պատասխանեց Նատոն առանձին զզվանքով։

— Ո՞վ է նա։

— Ի՞նչ գիտեմ։ Կապ կտրածի մեկն, ո՛վ է:

— Ասում են, դեդիդ ուզում է քեզ էն տղին տա։

— Ուզում է։

— Իժում դուն ի՞նչ ես ասում։

— Ես ի՞նչ պիտիմ ասի...

— Կգնա՞ս, էլի՛։ Գիգոլուն պիտիս թողնի՞, էլի՛։

— Մունջ կա՜ց, թե աստուծ կսիրես, Նինուցի, դարդերս մի թազացրու։

Նինուցին տեսնելով Նատոյի աչքերի արտասուքը, լռեց։ Մի քանի րոպե նրանք տխուր կերպով նայում էին միմյանց վրա։

— Լավ, աստված օղորմած է, մի լաց ըլի,— բռնեց Նատոյի ձեռքից Նինուցին.— դե՛, վիր կաց գնանք միր հարևան Սաբեդինց տունը. էնտիղ աղջիկները հավաքվիլ ին, պար ին գալիս։

— Է՜հ, ի՛նչ պար գալու սիրտ ունիմ...— ասաց Նատոն ետ քաշվելով։

— Աղջի գժվի՞լ իս. էս կիրակի օրը վուչ շորերդ իս հագի, վուչ գլուխդ իս սանդրի. ով գիտե, երեսդ էլ չիս լվացի,— ծիծաղելով առաջ տարավ Նինուցին։

— Թո՛ղ տուր, թե աստված կսիրես։

Բայց Նինուցին չէր դադարում նրան քարշ տալով դեպի Սաբեդինց տունը, երբ սենյակից լսելի եղավ Շուշանի ձայնն, որ կանչում էր նրան։ Նատոն իսկույն թողեց յուր ընկերուհին և վազեց դեպի մայրը։ «Խե՜ղճ Նատո», ասաց Նինուցին և գնաց Սաբեդինց տունը պար գալու։