Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուլին. էն էլ խաշապան Սհակի կնիկը. Կատոն, էն էլ խաբար-բրզանն, ով գիտե ինչի՛ր կուլի խոսում...

— Է՜հ, նրա լեզուն էլ կտրվի՜,— ասաց Նինուցին յուր քոքոլան դեպի Կատոն ուղղելով։— Ի՞նչու ես էլի էդպես տխուր,— դարձավ նա դեպի Նատոն, ուղիղ նրա երեսին նայելով։

— Ես էլ չիմ գիտում... — պատասխանեց Նատոն ավելի տրտմութլամբ։

— Կուզի՞ս ուրախացնիմ քիզ,— հարցրուց Նինուցին ժպտելով։

— Ինչո՞վ։

Նինուցին մոտեցավ, Նատոյի ականջին փսփսաց մի խոսք։

— Ղո՞ւրթ իս ասում, ղո՞ւրթ իս ասում, չէ՛, խաբում կուլիս, Նինուցի,— անհամբերությամբ հարցրուց Նատոն, պինդ գրկելով յուր ընկերուհին։

Ժպիտ, ուրախություն, հրճվանք, այդ բոլորը կարելի էր նույն րոպեին կարդալ Նատոյի գեղեցիկ դեմքի վրա...

— Դրո՞ւստ իս ասում, Նինուցի ջան,— կրկնեց Նատոն դարձյալ փաթաթվելով նրա վզին։

— Քու արևը գիտենա, վուր դրուստ իմ ասում,— պատասխանեց Նինուցին.— դե՛, գնանք։

Երկու օրիորդները, ձեռքը ձեռքի տված, ուրախ-ուրախ իջան Նինուցենց տունը։

Նինուցին ներս տարավ Նատոյին մի սենյակ, ուր միայնակ նստած էր մի պատանի։ Նա հագած ուներ մեխակի մահուդից կաբա, կապույտ գլասից արխալուղ, կապած ուներ արծաթի մինս արած քամար և վզին փաթաթել էր բաղդադի աղլուխ։ Պատանու սևորակ աչքերը, կամ արած հոնքերը, մախմուռ թշերը, սև գանգրահեր մազերը՝ տալիս էին նրա դեմքին վայելչագեղ կերպարանք։ Նա նստած էր սեղանի մոտ, որի վրա դրած էր գույնզգույն ծաղիկներից հյուսած գեղեցիկ փունջ։

— Էդ ի՜նչ սիրուն թայգուլ է, Գիգոլի ջան,— ասաց Նատոն, և ծպտելով մոտեցավ պատանուն, վեր առավ փունջը։

— Հավանում ե՞ս, Նատո ջան,— նույնպես ժպտելով հարցրուց պատանին։

— Շատ սիրուն է,— խոսեց Նատոն, և ձեռքը Գիդոլու ուսին դնելով, նազելի կերպով նայում էր նրա երեսին։— էդ ո՞ւմ համս իս բերի։