Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդը կարմրեց։ Իսկ Նինուցին նրա փոխարեն պատասխանեց.

— Ո՛ւմ համա պիտի ըլի, քի համա բերած կուլի, էլի՛։

Նատոն սկսեց ծիծաղել։

— Նատո, դո՞ւն լավ իս, թե է՞ս,— հարցրուց պատանին ցույց տալով փունջը։

— Օրիորդն ոչինչ չպատասխանեց և նրա թշերն յուր ձեռքի վարդերի գույնը ստացան։

— Ի՞նչի ձեն չիս հանում,— հարցրուց Գիգոլին բռնելով օրիորդի ձեռքից։

— Դուն իս լավը, դո՛ւն,— պատասխանեց Նատոն յուր ձեռքի ծաղիկներով հեզիկ շփելով պատանու երեսին:

— Չէ՛, դո՛ւն իս լավը, դո՛ւն իս սիրուն, Նատո ջան,— կրկնեց Գիգոլին և կամենում էր գրկել նրան, բայց օրիորդը ետ քաշվեցավ։ Երբ Նինուցին մեջ մտավ։

— Ի՞նչ իք կռվում, երկուսդ էլ լավն իք,— ասաց նա.— ամա վունց քու հերը, Գիգոլի, Նատոյին քեզ համա կուզե, վունց է: Նատոյի մերը փուղ ունե, վուր նրան քիզ տա։

— Գժվի՞լ իս, Նինուցի՛, ինչի՞ր իս խոսում,— դարձավ պատանին դեպի Նինուցին շփոթվելով։

— Ես դրուստն իմ ասում,— ավելացրեց Նինուցին և պատմեց բոլորն, ինչ որ լսել էր ղարաբաղցի փեսացուի մասին։

— Ղո՞ւրթ է ասում,— դարձավ նա դեպի Նատոն։

— Հա՛, Գիգոլի, ինձ նրան ին տալի,— պատասխանեց Նատոն տխրությամբ։

— Ես կու մեռնիմ, ու չեմ թողնի վուր էդ բանը գլուխ գա,— խոսեց պատանին մի փոքր վրդովելով։

Նրանք մնացին միայնակ։

Նատոն տխուր նստած էր Գիգոլու մոտ, երբ պատանին դարձավ դեպի նա.— Մի՛ դարդ անի, հոգի ջան, դու իմն իս, ե՛ս քոնն, ոչ ով չի կանա միզ մեկմեկուց բաժնել...։ Այդ խոսքերին հաջորդեց մի ջերմ գրկախառնություն և երկուսի էլ երիտասարդական շրթունքները միախառնվեցան միմյանց հետ...։