Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Նատո ջան,— կրկնեց երիտասարդը, թողնելով նրան յուր գրկից,— դարդ մի՛ արա, հիմա դու բախտավոր ես։ Ես հիմա հարուստ եմ, քեզ միշտ ոսկու, արծաթի, բրիլիանտի, ատլասի ու մախմուրի մեջ կպահեմ։

Օրիորդը գլուխը քարշ ձգեց, ոչինչ չպատասխանեց․ նրա դեմքն ընդունեց ավելի տխուր արտահայտություն։

— Ի՞նչու չես խոսում, Նատո ջան, մի ձեն հանի, քո հոգուն մատաղ,— շուտ-շուտ կրկնում էր երիտասարդը։

— Քո բրիլիանտներն ինձ պետք չե՜ն...— ասաց օրիորդը և արտասուքը թրջեց նրա աչքերը։

Երիտասարդը վշտանալով թողեց նրան, երբ ներս մտավ Շուշանը։ Նա դարձավ դեպի մայրն, ասելով.

— Դեդի ջան, ես հիմա բախտավոր եմ. էս օր փոշտից, նամակ ստացա, հայրս վախճանվել է և ինչքան ապրանք մուլք փող է թողել, գիտե՞ս,— մին էս օթախով լիքը։

— էդ լա՞վ խաբար է,— ուրախանալով կոչեց Շուշանը։

— Բա՛ս վատ խաբար է,— պատասխանեց երիտասարդը նույնպես ուրախությամբ։ — Հայրս ղարավուլ էր նստած յուր խազինի վրա, բայց հիմա նրա դռները բաց էլան ինձ համար։

— Փա՛ռք աստծու, փառք իրա մեծ զորութինին,— բացականչեց Շուշանը խորին ջերմեռանդությամբ։

— Հիմա Նատոյիս բախտն էլ բաց էլավ։

Շուշանը նստեց թախտի վրա։ Ջումշուդ-բեկը տեղավորվեցավ նրա մոտ։

— Գիտե՞ս ինչ կա, դեդի ջան, ես պետք է շուտ գնամ,— շարունակեց երիտասարդը։

— Ո՞ւր,— զարհուրելով հարցրուց Շուշանը։

— Ղարաբաղ։ Գնամ, որ հորս թողած կայքերին տիրություն անեմ։

Վերջին խոսքը ձգեց Շուշանին մտատանջության մեջ։— Վո՜ւյ, քոռանամ ես,— ասաց նա շվարած կերպով,— էդ վունց կոլի, վուր դուն գնաս առանց պսակվելու։

— Հիմա ի՞նչով կարող եմ պսակվել, որ էստեղ փող չունեմ։

Շուշանը խորին կասկածանաց մեջ ընկավ, գուցե յուր փեսացուն հայրենիքը գնալուց հետո կրկին չվերադառնա, այդ պատճառով մտածում էր վաղօրոք կապել նրա վիճակը յուր դստեր հետ:

—Վուրթի,—ասաց նա ծանր կերպով,— ինչկլի ե՞փ իմ