Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և այս և այն սենյակներում հավաքված հյուրերի մեջ, անց էին կենում զվարճալի խոսակցություններ։ Մի տեղ տերտերը, հավաքած յուր շուրջը մի քանի արհեստավորներ, զարմացնում էր նրանց յուր խորին գիտությամբը, խոսելով սրբերից և հրաշքներից։ Մի տեղ կանայքը բաց էին արել բամբասանքի բազարը։ Մի այլ սենյակում աղջիկները շրջապատած Նատոյին դայիրա էին ածում, երգում էին և պար էին գալիս։ Իսկ Շուշանն ոտքի վրա անդադար պտիտ էր գալիս, զանազան կարգագրություններ էր անում և յուր հյուրերի հետ քաղցրախոսում էր ու նրանց սիրտն էր շահում։

— Սաբետ,— ասում էր Թաթուխենց Նատալյան յուր մոտ նստած կնոջ ականջին,— տեհնում ե՞ս Շուշանի բախտն, վո՞ւնց առանց փուղի ու առանց բաժինքի տանու-փեսա ճարեց իր համար։

— Էդ էլ Աստծու տուրք է, Նատալյա ջան,— պատասխանեց Ճոն-Օհանեսի կինը Սաբետոն։

— Հալբաթտա, առանց աստծու կամքի փոթոլը ծառից վեր չէ գալիս, մագրամ, ադմորթին պիտի բախտ էլ ունենա։

— Չէ՛, էդ ղարիբականնիրը փուղին շատ մտիկ չին անում,— մեջ մտավ կալատոզ Սիմոնի կինը՝ Մաշոն.— նրանք աղջկան ին մտիկ անում. աղջիկն օղոնդ լավն ըլի, էդ է հարկավոր նրանց։

— Մագրամ, էգ ղարաբաղցին ի՞նչ մի հուտով ծաղիկ ջոկեց իր համա... — նրանց խոսքը կտրեց խարազ Դարչոյի կինը՝ Բարբարեն։

— Չէ, Բարբարե՛, էդ ո՛ւր իս ասում, միղք է էդենց խոսիլը․ Նատոն, հախ աստծու հալալ կաթնակեր ու սիրուն աղջիկ է, - պատասխանեց դաբաղենց Մակին։

— Լավ հալալ կաթնակեր ես գտի… նրա բաներն ես լավ դիտեմ մանդրուք ծախող Գիգոլու հետ... — խոսեց Բարբարեն երեսը շուռ տալով։

-Է՜հ, էդ ինչի՞ր եք խոսում,— մեջ մտավ ղազազ Ծղալոբի կինը Սալոմեն.— մեր ժուկում ո՞վ է մտիկ տալիս վուր աղջիկը լավ կաթնակեր ու հալալ ըլի. էս ժուկում աղջկա սիրունութինն էլ վուչինչ է, նրա խիլքն էլ վուչինչ է, նրա ուսումն էլ վուչինչ է... հենց աղջիկը շատ փող ունենա,— փեսեն նրա համար հազիր է, թեկուզ նա քոռ ըլի, թեկուզ քաչալ ըլի, աննամուս ըլի — դիփ մեկ է...։ Թե չէ էդենց քոռ քոռինա մուշտարիքը հազրեմեն մե գամ ռաստ չին գալիս, վուր առանց փուղ ու բաժինքի նշնվին։