Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և զանազան հեղինակությունք՝ նոր և կենդանի լեզվով սկսան արծարծել ազգային շիջած լույսը:

Բայց պարսկահայք, ասես թե մի ճակատագրական դատապարտությամբ, որպես յուրյանց տիրող տերությունը, մնացին տգիտության մահահրավեր խավարի մեջ, մնացին... մնում են... և գուցե կմնային անթվելի շատ օրեր...: Ով որ շատ ու քիչ տեղյակ է հայոց կյանքից, կճշմարտե մեր ասածը, տեսնելով, որ այսօրվա օրում պարսկահայք տակավին չունին ո՛չ կանոնավոր դպրոցներ, ո՛չ տպարանք և ո՛չ մի ապգային օրագիր կամ լրագիր, որ ցուցաներ նոցա տխուր և տրտում բարոյական և իմացական վիճակը:

Այդ առանց պատճառի չէ։

Պարսկաստա՛ն... դա մի կորստաբեր երկիր է: Այստեղ բռնակալի երկաթյա գավազանը ավելի բարբարոսաբար ներգործում է, քան թե մի այլ աշխարհում: Այստեղ ստրուկների աչքերից արտասուքը երբեք չէ չորանում: Այստեղ հայերը, առավել քան մի այլ երկրում, կրել են անբախտության դառն հարվածքները...:

Մինչև 1792 թվականը՝ Պարսկաստանի Ատրպատականում,— ուր ձևանում է մեր վիպասանության դերը,— մինչև Ղափլան— քուհ, ամեն մի մահալ (նահանգ) պարունակում էր յուր մեջ զանազան մանր, միմյանցից անկախ խանություններ, որոց մեջ ղըզլբաշ խաները էին միան գամայն բացարձակ իշխաններ բոլոր բնակիչների վերա: Այդ խանությունքը միշտ գտնվելով միմյանց հետ թշնամական հարաբերությանց մեջ, և միշտ ունենալով միմյանց հետ անխզելի պատերազմներ, Ատրպատականը ձևացնում էր արյունոտ կռիվների թատրոն, ուր դժբախտ հայը էր միակ ծեծկվող դերասանը:

Եվ այդպես, նոքա ամենևին ապահովություն և հանգստություն չունենալով՝ միշտ փախստական, սարերում, ժայռերի փապարներում և բերդերում, հազիվհազ կարողանալով թշնամու թրից ողջ պահել յուրյանց անբախտ գլուխները, և գերությունից ազատել յուրյանց խղճալի ընտանիքը,— մի այդպիսի խառնաշփոթ ժամանակում, երբ նոքա մի րոպե ևս դադար չունեին թշնամիների երկյուղից,— պարսկահայոց համար մի օտարոտի բան էր մտածել լուսավորության համար: Որովհետև նոցա օրը, նոցա արևը ամենայն կերպիվ խավարած էր...: Այդ այն սգավոր ժամանակն էր, երբ հառաջ քան ռուսաց տիրապետությունը և կովկասյան նահանգներում հայերը նույնպես հեծում, հառաչում էին ղըզլբաշ խաների բռնակալությանց երեսից:

Բայց 75 տարի առաջ Աղա Մամադ-խանը Ղաջարյան ցեղից տիրեց Ատրպատականը, բոլոր խաները խոնարհեցնելով յուր իշխանության ներքո: Եվ հայերը ազատվելով խաների նեղություններից՝ մի փոքր