Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սալոմեի խոսքերը գրավեցին կանանց ընդհանուր համակրողությունը և ամենքը միաբերան ձայն տվին,— անիծվի՛ էդ թավուր ադաթը... նրա մոգոնողի տունը քանդվի՛...

Բայց տղամարդերի մեջ անց էր կենում բոլորովին այլ խոսակցություն, բոլորովին կենսական այլ խնդիրների վրա։ Նրանք խոսում էին նույն օրերի հացի և այլ ուտելիքի թանկության մասին։

— Էդ բոլորը ժողովրդի մեղքերիցն է,— ասաց նրանց քահանան․— երբ մարդերի մեղքը բազմանում է, աստված էլ խրատում է նրանց տեսակ-տեսակ պատիժներով։ Գիտե՞ք, ո՜րքան թերահավատացել է մեր ժողովուրդն, էլ ոչ ժամն են իմանում և ոչ աղոթքը, էլ ոչ պասն են իմանում և ոչ պատարագը. էլ ոչ սուրբն են իմանում ոչ սրբությունը. դիփ մի խոսքով մոոացել են, հենց սատանայի ճամփան բռնած գնում են։

Քահանայի խոսքերը շարժեցին մի քանիսի ջերմեռանդությունն, որոնք իրենց երեսները խաչակնքելով ասում էին.— Միղա աստծու, միղա իր սուրբ զորութինին։

— Բայց երբ որ մարդիկը չար ճամփեմեն դառնան,— հառաջ տարավ քահանան․- Քրիստոսի ճամփովը գնան, այսինքն կամենում եմ ասել մատաղ մորթեն, սուրբերը համբուրելու գնան, աղքատներին ողորմություն անեն, տերտերի հախը չկտրեն, աստված էլ քաղցր աչքով մտիկ կոնե նրանց, հացը գինին ու ամեն բան կբոլացնե։

— Թե քու Քրիստոսը կու սիրես, տերտեր ջան, էս քարուզնիրը թող մնան,— քահանայի խոսքը կտրեց մի կարմիր և ուռած թշերով տղամարդ՝ շիրաջի Կոնին.— աղբաթը խեր հարսնիքի տուն է, խոմ եկեղեցի չէ, ինչ Ավետարանի վուխտ իս գթի, թող մե քիչ գինի խմենք, քեփ անենք, սրտերս բաց ըլի։

— Բի՛ բերանդ պաչ անեմ, Կոնի ջան,— նրան գրկելով ասաց ձկնապան Մեխակը.— ախբեր, ի՞նչ միր խելքի բան է խուրը գըրբերեմեն խոսիլը. միրն էն է՝ ուտենք խմենք, քեփ անենք ու աստծոն փառք տանք։

— Բարաքալդի, բարաքալդի, Միխակ ջան, քո հոգուն մեռնիմ,— գռռացին մի քանի ձայներ։— Հախ աստծու լավ օրինավոր խոսք ասեցիր։

— Քու կենացը, քու կենացը,— ձայն տվեցին զանազան կողմից, նրանցից ամեն մինը չխկացնելով Մեխակի հետ իրանց բաժակները։