Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սույն միջոցին կույր աշըդր՝ Բեժանը, քաշեց ճիանուրի աղեղն երգելով Սայաթ֊Նովայից.

«Աշխարքումս դարդ չիմ անի
Քանի վուր սաղ իս ինձ համա»...[1]


— Ա՜խ, թե գիտենայի էս գինին ո՞վ է մոգոնի,— ասաց խմողներից մինը հիացմամբ նայելով յուր կարմիր բաժակին. — ես ամեն տարի նրան մատաղ կու կտրեի։

— Գանա էս էլ չի՞ս գիտի, ուստա Պետրոս,— նրա խոսքը կտրեց քահանան։ — Ես վուր ղանցեն գիտենամ, քու հոգուն մատաղ, տերտեր ջան,— պատասխանեց ուստա Պետրոսը։— Գրի սիվն ու սպիտակը դուք եք իմանում, աստծու խոսքերը ձիր մոտն ին, մենք ի՞նչ ինք սորվի, վուր ինչ գիտենանք։

— Գինին Նոյ նահապետն է շինի,— ասաց տերտերը մի առանձին նշանակություն տալով յուր գիտությանը և ավելացնելով մի քանի խոսք Քամի մասին։

Բոլորը զարմանալով լսում էին։

— Փառք Նոյի սուրբ զորութենին,— ասաց ուստա Պետրոսը երեսը խաչակնքելով։

— Նոյի հոգուն մեռնե՜մ,— բացականչեց մի աշխույժ երիտասարդ բարձրացնելով յուր բաժակը.— էս էլ Նոյի կենացը, թե նա չէր էլի մենք էդ պլպլուն թասերը վո՞ւր տեղից պիտի խմեինք։

Բոլորը ձայն տվեցին նրան և մի֊մի բաժակ խմեցին Նոյի կենացը, կարծելով, թե նա դեռ կենդանի է։ Այդ ընդհանուր ուրախության մեջ տերտերը նկատեց, որ միակ տխուր մարդն ուստա Գրիգորն էր՝ նորահարսի հայրը։ Նա անդադար դուրս էր գալիս, ներս էր մտնում, կարծես, մի բան նրան անհանգստացնում էր։

— Ի՞նչ ես նոթերդ կիտել, ուստա Գրիգոր,— դարձավ դեպի նա տերտերը.— օրհնած, էս ուրախությունը քոնն է, դու ի՞նչու ես դարդ անում։

Ուստա Գրիգորը, գլուխը միայն շարժեց ցույց տալով, որ ինքը զբաղված է, և հեռացավ առանց պատասխանելու։

  1. Աշուղը աղավաղել է Սայաթ-Նովայի խոսքը (Ծանոթ․ կազմողների)