Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ը

Գիշերվա կեսն էր։ Հասասների խռպոտ ձայնը, մոլաշրջիկ շների աննպատակ հեծկլտոցը, տարաժամ տարփածուի կառքի դղրդոցը երբեմն ընդհատում էին փողոցների խուլ գերեզմանական լռությունը։ Բազարի խանութներից մինի մեջ միայն փայլում էր աղոտ լույսը, ուր նստած էր մի պատանի։

— Աղա, ըշխըմա՞ ես քըշեր էտենց զարթուն ես մնալի, չես քնելի,— ասաց պատանուն խոյեցի հասասը, գլուխը ներս տանելով խանութի դռնից։

— Քունս չէ տանում, Կարո,— պատասխանեց պատանին։

Պատանին մեր Նատոյի սիրականը՝ Գիգոլին էր։ Լսելով ղարաբաղցի փեսացուի պատմությունը, և օրիորդի ծնողաց նպատակը՝ Գիգոլին չկարողացավ յուր համբերությունը զսպել, տեսնելով, որ յուր սիրուհին շուտով կորած կլիներ յուր համար։ Նա, որքան և պատկառանք էր դնում յուր հոր և մոր պատվին, որքան և ամաչկոտ էր յուր որդիական հնազանդության մեջ, այսուամենայնիվ համարձակվեցավ յուր ծնողաց առջև պարզ խոստովանվել յուր սերը դեպի Շուշանի աղջիկը։ Նա ո՛չ միայն գտավ ծնողաց կողմից ամենասաստիկ ընդդիմադրություն, այլև նրանք սպառնացին, եթե պատանին բոլորովին չէր փոխելու յուր միտքը, կարող էր իսպառ զրկվիլ հայրական ժառանգությունից։ Դրա հետևանքն այն եղավ, որ Գիգոլին թողեց հոր տունը, և այնուհետև գիշերում էր յուր խանութի մեջ։ Համալը, տեսնելով նրա տխրությունը, նստեց խանութի դռան շեմքի վրա և սկսավ պատանուն զբաղեցնել յուր զրույցներով։

— Դյուն մե դարդ ունես, որ քյունդ չի տանելի,— հարցրուց հասասը։

— Ունեմ, Կարո, դարդ ունեմ… — պատասխանեց Գիգոլին խորհրդական ձայնով և պատմեց մասնավորապես Նատոյի մասին։

— Է՜հ, աղա, ես էլ որ քո պես հալա ջահիլ էմեր, քշերները քյունս չէր տանելի,— ասաց հասասը յուր հին ցավերը միտ բերելով,— մեր գեղը մե ախչիկ կար, էնղդար խորոտիկ էր, որ կասես մարալ-ջեյրան էր. էն ընձիկ էր սիրելի, ես դրան էմեր սիրելի. էրկուսիս էլ սրտերը կապած էներ մեկզմեկու։ Էլավ որ, մեր գեղի մալիքի լաճու աշկը ընկավ էն ախչկան, սիրեց դարը, էլ էն ախչիկը ընձի չըտըվին և փսայվեց մալիքի լաճու հետը։ Մե ամիս